Արթուր Դանիելյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել

cover

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Այս մասին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

ՀՔԾ լրատվական ծառայությունից նշեցին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով։

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը և 117-րդ հոդվածը վերաբերում են խուլիգանությանը և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն։ Ապրիլի 29-ին Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ոստիկանությանը հաղորդել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել են։ «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը և նշել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։ Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք էր ստացել քունքի մասում։

© 2019, YerevanPress.com