«Զորավարը» հիշել էր «ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» դերը 4rd.am

cover

Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն օգոստոսի 8-ին մտել էր «Ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» դերի մեջ ու հարձակվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ «Ազատության» նկարահանող խումբը Սևանա լճի ափամերձ տարածքում ապօրինի կառուցված շենք-շինությունների մասին տեսանյութ պատրաստելիս է եղել։

Բնապահպանության նախարարությունն այս օրերին գործողություններ է նախաձեռնել այդպիսի շինությունների հայտնաբերման ու ապամոնտաժման ուղղությամբ։

Սևանա լճի ափամերձ գոտում է գտնվում նաև Վովա Գասպարյանի առանձնատունը, չնայած դա սոսկ առանձնատուն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այն մի շքեղաշուք դղյակ է՝ հարակից շինություններով, կանաչ տարածքներով, որը նախկին ոստիկանապետը երևի կառուցել է պետական պաշտոններում ստացած իր համեստագույն աշխատավարձով։

Ըստ «Ազատության» հաղորդագրության, Վովա Գասպարյանը տեսնելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր դղյակը՝ մեքենան վարել է նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», նաև հայհոյանքներ է հնչեցրել՝ պահանջելով չհրապարակել տեսագրությունը։

Ոստիկանապետի պաշտոնում իր պաշտոնավարման ողջ շրջանում Վովա Գասպարյանն առանձնահատուկ «ջերմ» հարաբերություններ ու վերաբերմունք է ունեցել լրագրողների հանդեպ, որը դրսևորվել է նրանց վրա ինչպես բիրտ ու կոպիտ հարձակումների տեսքով (օրինակ, 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ, երբ ուղղակիորեն բղավում էր լրագրողի վրա՝ չքվիր աչքիցս արտահայտությամբ), այնպես էլ լրագրողների հասցեին արհամարհական, քամահրական, վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս իմաստով հատկապես հիշատակելի է 2016 թվականի ապրիլի 24-ին 1in.am-ի թղթակից Սիրանույշ Պապյանի հետ կապված դրվագը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե մենք չենք տեսնում ոստիկանական համակարգի բարեփոխումները, Վովա Գասպարյանն արձագանքել էր բարձրաստիճան պաշտոնյայի համար (և ոչ միայն պաշտոնյայի համար, այլ՝ ընդհանրապես) անվայելուչ խոսքերով. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում…»:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com