«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առիթ ունեցել ենք նշել, որ հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մեղմ ասած, հնարավոր չէ շատ ակտիվ համարել: Սակայն ուշագրավ է, որ ինը համայնքից հինգում մասնակցում է նոր ստեղծված քաղաքական ուժ: Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է: Կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունում այս ընտրությունները համարում են յուրատեսակ քննություն՝ ապագա ավելի մասշտաբային ընտրություններից և ընդհանրապես քաղաքական «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ զուգահեռ ակտիվորեն զբաղված են տեղերում կուսակցական կառույցներ ստեղծելու և նոր կուսակցականների անդամագրման աշխատանքներով:
Մեր տեղեկություններով, նաև այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն է ստացել սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ է կապվում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վարդանյանը ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես վարչապետի թեկնածու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: