Քաղաքականություն

Առաջիկա ընտրություններին կա բավականին լուրջ քաղաքական բևեռ՝ Հայ ազգային կոնգրեսը 1in.am

1in.am Հայաստանում շարունակվում են ներիշխանական վերադասավորումները, մասնավորապես կառավարության շրջանակում: Պաշտոնապես հայտնի է դարձել առողջապահության նախարարի փոփոխության մասին: Արսեն Թորոսյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանի փոխարեն։ Պատերազմի պարտությունից հետո վարչապետ Փաշինյանի հայտարարած կադրային փոփոխությունները շարունակվում են: Արդյոք դրանք այլևս ոչ թե հետպատերազմյան, այլ նախընտրական բնույթի են, և այսկերպ իշխանությունը պատրաստվում է իր իսկ հռչակած արտահերթ ընտրության հեռանկարին:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ այս փոփոխությունները նախընտրական բնույթի չեն և որևէ անդրադարձ չեն ունենա իշխանության վարկանիշի վրա։ «Պարզապես թիմում վերադասավորումներ են տեղի ունենում։ Գուցե արվում է ինչ-որ սկանդալներից խուսափելու համար։ Բայց ես այս փոփոխությունները էական չէի համարի։ Չեմ կարծում, թե այս կադրային փոփոխությունները նախընտրական բնույթի են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բաղդասարյանի՝ իշխանությունն այժմ նախընտրական շատ բարդ իրավիճակում է. «Մի կողմից Հայաստանում փաստացի իշխանություն գոյություն չունի և հասկանալի է, որ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող ու պետք է ընտրություններ տեղի ունենան։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները շատ ցածր վարկանիշ ունեն։ Ու եթե անգամ ցանկանան ընտրակեղծիքներ իրականացնել՝ չեն կարող, որովհետև ընտրակեղծիքների հիմնական ինստիտուտները՝ քրեաօլիգարխիկ համակարգ, կրիմինալ, ուժային կառույցներ, Տեղական ինքնակառավարման մարմիններ… դրանք իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ չեն։ Հետևաբար, իշխանություններին, անգամ ցանկության դեպքում, չի հաջողվի ընտրակեղծիքներ իրականացնել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանությունների միակ առավելությունն այն է, որ ընդդիմադիր բևեռն իրենցից ավելի վատ վիճակում է վարկանիշային առումով. «Հենց դա է, որ շատ ինտրիգային է դարձնելու առաջիկա արտահերթ ընտրությունները»։

Դիտարկմանը, իսկ եթե ընդդիմությունը մերժի արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչքանով է նպատակահարմար այդ դեպքում գնալ արտահերթի սցենարով, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդդիմությունը միատարր չէ ու միայն այն 17 կուսակցությունները չեն։ Բնականաբար, այդ բևեռը չի ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև ընտրությունների միջոցով իշխանության հասնելու շատ քիչ շանս ունի, ինչպես և գործող իշխանությունները։ Դրա համար էլ առաջիկա ընտրությունները լինելու են ամենաանկանխատեսելի և ամենագիտակցվածը, որովհետև այլևս հասարակությանը հնարավոր չէ խաբել պոպուլիստական ճառերով ու սրտերով։

Հասարակությունը պետք է գիտակցված ընտրություն կատարի, կեղծ կարգախոսներին չի խաբվելու։ Հասարակությանն այժմ պետք է կոնկրետ թիմ ու ծրագիր, որը կկարողանա իրականացնել այդ ծրագրերը։ Դրա համար էլ առաջիկա ընտրությունները, որոնք, ես վստահ եմ, որ լինելու են արտահերթ, լինելու են ամենապատասխանատուն և, եթե կուզեք՝ ամենաարդարը»։

Եթե ընդդիմությունը միայն 17 ուժերը չեն, արդյո՞ք գործ կունենանք նոր ուժերի հետ, թե եղածների մեջից կձևավորվի երրորդ բևեռը, հարցին ի պատասխան, Արմեն Բաղդասարյանն ասաց. «Նախ և առաջ, կա բավականին լուրջ քաղաքական բևեռ՝ Հայ ազգային կոնգրեսը։ Եվ հետո չի բացառվում քաղաքական նոր ուժերի կամ նոր բևեռի ձևավորումը՝ քաղաքական դաշտում առկա այլ ուժերի միավորման ճանապարհով։ Այսինքն՝ վստահաբար, այդ 17 ուժերն ու իշխանությունը չեն։ Ընտրությունների դեպքում կձևավորվի երրորդ, ավելի լուրջ բևեռ»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version