«Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են
Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2 բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Այս մասին մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։
«Իմ տեղեկություններով տղաները գնացել էին իրենց ծառայակից ընկերներին տեսակցության: Վերջին կապը ընտանիքի անդամների հետ եղել է հենց այդ պահին, որ անհետացել են: Տղաներից մեկը հեռախոսով խոսելիս է եղել եւ հեռախոսով խոսողն ասել է «սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք ինչ են ասում» և կապն ընդհատվել է: Դրանից հետո էլ նրանցից որևէ լուր չունենք»,–ասաց համայնքապետը։
Մկրտչյանի խոսքով` երիտասարդները միմյանց բարեկամ էին` հորեղբոր թոռներ էին։
Համայնքապետն ասաց, որ իրենց գյուղից մեքենայի մեջ 2 հոգի են եղել, ասում են, որ էլի մարդիկ են եղել մեքենայի մեջ, սակայն ինքը հստակ տեղեկություններ չունի:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ