Քաղաքականություն

Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից․ վստահեցնում եմ՝ շեղվելու հավանականություն չկա․ Աննա Գրիգորյան

 Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ես, ով բազմիցս անցել եմ տվյալ ճանապարհով, վստահեցնում եմ, որ նշյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա, առավել ևս, որ ամենուրեք տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև ադրբեջանական տեղանուններով վահանակներ: Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Մի քանի օր առաջ` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իմ հարցին`արդյոք հնարավոր է, որ մեր հայրենակիցների համար էլ խոչընդոտներ ստեղծվեն Գորիս-Կապան ճանապարհին, կառավարության ղեկավարն այդպես էլ չպատասխանեց: Ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններով այս հարցի պատասխանն էլ տվեցին:

Փաստորեն պողպատյա մանդատակիրների և բանավոր փոխըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է. երբ հայը իր երկրի միջպետական ճանապարհով անցնելիս առևանգվում է, երբ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվում է, և նրանք ստիված լսում են ադրբեջանցիների հոխորտանքն առ այն, որ Արցախն Ադրնեջան է, երբ մեքենաների վրայից ջնջվում են Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դրոշները, խոչընդոտվում են իրանցիների ազատ տեղաշարժը, շրջափակման մեջ են մնում մեր գյուղերը…

Մինչ իշխանությունը պատրաստվում է գունագեղ տոնախմբության, նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում և ահաբեկվում են մեր հայրենակիցները»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version