ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին։ Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Մովսիսյանը բանկին պարտք է ավելի քան 26 միլիոն դրամ, որը վճարել չի կարողացել։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։ Նկատի ունենալով, որ պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, Դատարանը սեփական նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ։