Որքա՞ն կտուգանվեն քաղաքացիները, եթե հոկտեմբերի 1-ից աշխատանքի գնալիս շաբաթը երկու անգամ չներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ թեստի բացասական պատասխան:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պարզաբանեց. «Աշխատանքի ներկայանալիս չունենալով թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ՝ քաղաքացիները կտուգանվեն 10-20 հազար դրամ, իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամի չափով»:
Մասնագետը մանրամասնեց՝ առողջապահության տեսչական մարմնի աշխատակիցները հետևելու են՝ որ կազմակերպության աշխատակիցներն են պատվաստված կամ թեստավորված: Առաջին հերթին ուշադրության տակ են լինելու ռիսկային տնտեսվարողները և մարդաշատ հանրային վայրերը:
Ստուգայցերը իրականացվելու են մեկ օր առաջ: Այսինքն՝ նախորդ օրը պլանավորվելու է՝ որ սպառողների մոտ պետք է ստուգայց անենք: Եթե որևէ կազմակերպության, որևէ գործատուի մոտ խախտում նկատվեց, ապա առաջին դեպքի հայտնաբերումից էլ տուգանվելու է, քանի որ օրենսդրությունն այլ բան չի ենթադրում: Ստուգայցերը լինելու են պատահական, որևէ մեկը տեղյակ չի լինելու, թե որ գործատուի մոտ ենք իրականացնելու հսկողությունը: Մենք կարող ենք օրվա մեջ տվյալ հիմնարկ այցելել 2 անգամ, որևէ սահմանափակում չկա: Կարող ենք մեկ շաբաթվա մեջ այցելել, դա կախված է, թե քանի խախտում է հայտնաբերվել: Եթե խախտումները շատ են, և տրվել է կարգադրագիր, որով պետք է վերացնեն խախտումները, բնականաբար, այնտեղ կրկնակի ստուգայցեր են լինելու, որպեսզի տեսնենք՝ ինչքանով են մեր կարգադրագրի պահանջները կատարվում,- ասաց Աննա Հարությունյանը:
Մասնագետը շեշտեց՝ տուգանքի որոշում կայացնելու նպատակը վարակի կանխարգելումն է, որի իրականացման ճանապարհն օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կատարումն է: