Քաղաքականություն

Էլի Լևոնը ճիշտ դուրս եկավ 4rd.am

Երեկ խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությանը համարում է պատերազմի հետևանքների պատասխանատու և մեղավոր. «Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»:

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ սխալ է արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չի հրապարակել, սա նշանակում է, որ ինքն ընդունում է, որ Տեր-Պետրոսյանը վերջում էլի ճիշտ դուրս եկավ:
2018-ի հեղափոխությունից հետո Առաջին նախագահը Փաշինյանի հետ մենակ այս հարցի համար էր հանդիպել: Գնացել, Փաշինյանին խորհուրդ էր տվել, կոչ արել, որ իր առաջին գործը պիտի լինի այն, որ հրապարակի, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, տվյալ պահին ինչ պայմանավորվածություններ կան, ինչի շուրջ են համաձայնության եկել: 

Հենց այնպես չէր դա խորհուրդ տվել: Եթե Փաշինյանն այն ժամանակ հրապարակեր, թե Սերժ Սարգսյանից բանակցային ինչ գործընթաց է ստացել, այսինքն՝ այդ պահին ինչ ունենք, ապա նախ հանրությունը կիրազեկվեր, թե 20 տարվա բանակցային գործընթացի արդյունքում որտեղից ուր ենք հասել, ինչի դիմաց ինչ ենք համաձայնվել տալ, զիջել, փոխզիջել, և գուցե ամենակարևորն է՝ Փաշինյանը բանակցությունները կշարունակեր, և այդ բանակցությունների հիմքը լինելու էր նախկինների թողած ժառանգությունը: Ու եթե ինչ-որ պահի նա խաղաղության պայմանագիր կնքեր, ոչ ոք իրեն չէր համարձակվի դավաճան, կապիտուլյանտ, հողատու, գործակալ, տգետ համարել, որովհետև կասեր՝ ախպեր ջան, ինձանից ինչ եք ուզում, էս եք ինձ թողել, էս փաստաթղթերն եք ստորագրել, սրան եք համաձայնվել, ես ի՞նչ պիտի անեի:

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. բանի տեղ չդրեց Տեր-Պետրոսյանի խորհուրդը: Հերիք չէ, բանի տեղ չդրեց, հրաժարվեց հրապարակել, մի հատ էլ հայտարարեց, թե Առաջին նախագահն իրեն նոր բան չասաց, հետո հայտարարեց, որ ինքն իր սեփական կետից է սկսում բանակցային գործընթացը, հետո հայտարարեց, որ բանակցելու բան չունենք, թող գնան, Արցախի հետ բանակցեն, հետո հայտարարեց՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: 

Իսկ հետո, երբ այս ամենի արդյունքը եղավ արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, կանգնեց, հայտարարեց, թե՝ չէ, մեղավորը նախկիններն էին, որ ժամանակին Ղարաբաղի հարցը չեն լուծել, հետո հայտարարեց, թե՝ չէ, մեղավորը նախկիններն էին, որ լավ չէին զինել բանակը, Շուշին ու էն մեր մյուս տարածքները թողել էին դժգույն վիճակում, հետո հայտարարեց, որ մեղավորը Լևոնն է, որ 98-ին հրաժարական է տվել: 

Ու այսքանից հետո, այս վերջին նախընտրական քարոզարշավում կանգնեց, ասաց՝ Տեր-Պետրոսյանը 2018-ին եկել էր իր մոտ, ասել՝ հողերը պիտի տաս: Տեր-Պետրոսյանն էլ արձագանքեց, ասաց՝ թե նամուս ունես, ցույց տուր, տեսնենք՝ որտեղ եմ ասել: Ցույց չտվեց: Որտեղի՞ց ցույց տար:

Անցնում է երկու ամիս, միամիտ տեսք ընդունած, անվրդով հայտարարում է, թե ես սխալ էի, Լևոնը՝ ճիշտ: Իհարկե, որ սպանես, կյանքում բառացի այդպես չի ասի, բայց իրականում դա էր ասածը: Ու չի ասում, թե իր այդ սխալը ինչ գին ունեցավ Հայաստանի ու Արցախի համար: 

4rd.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version