Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բնականաբար Մոսկվան մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց ունեցել են հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։
Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր, և քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։
«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է և ներկայացրել է այդ պահին եղած առաջարկները, որոնք ռուսական կողմը աջակցել է, և ես էի ներկայացրել, սակայն հայկական կողմը մերժել է և կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկները ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել և Ռուսաստանը աջակցել էր, ապա պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի և հազարավոր զինվորականներ թե մեր կողմից, թե հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն, այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է, որը առնվազն երկու անգամ պատերազմի ժամանակ պատմական պահ է բաց թողել իր ձեռքից»,- ասել է Ալիեւը՝ մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արեւմտյան բարեկամները կօգնեն իրենց։
«Այն բանից հետո, երբ ադրբեջանական վերահսկողությունը հաստատվեց Շուշայում / Շուշի քաղաքի անվանումը, ըստ Ալիեւի ուղիղ խոսքից է մեջբերված․- խմգ/, Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կատարելու այն, ինչը պետք է կատարեր։
Նա ինձ հարցրեց, թե արդյո՞ք ես մնում եմ իմ դիրքորոշումներին և ես պատասխանեցի, որ իմ դիրքորոշումները չեմ փոխում, և եթե նրանք հաստատեն իրենց զորքերի դուրսբերման օրերը մնացած տարածքներից, մենք կանգ կառնենք»։
Դա, ըստ Ալիևի, եղել է նոյեմբերի ութի երեկոյան։ «Ամսի իննի համար պայմանավորվեցինք նորից կապի դուրս գալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ակտիվ դերակատարություն ուներ այս ամենում և իմ ուղերձներն էր փոխանցում Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Դա տեւեց մինչև ամսի իննի վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Իհարկե, շատ հարցեր կային, որոնք պետք է համաձայնեցվեին։ Ամեն բան նման արագ ընթացքով էր տեղի ունենում։ Պատկերացրեք, երբ մեկ օրում համաձայնեցնում են տեքստ երկու թշնամական պետությունների միջև, և, բնակաբաբար, այդ տեքստը պետք է հաշվի առներ իրականությունը, որ կար այդ պահին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։