Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման մանրամասների մասին:
«Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական բարեկամական շփումները «թույլ տվեցին Մոսկվային և Բաքվին համաձայնության գալ և ընդունել եռակողմ հայտարարություն, ինչը նշանակում էր Հայաստանի կապիտուլյացիան ղարաբաղյան պատերազմում»:
«Ես առաջարկություններ ունեի: Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն մասամբ անդրադարձել է այդ իրադարձություններին իր հարցազրույցներից մեկում, ուստի ես չեմ ուզում շատ մանրամասնել: Բայց արդեն հայտնի է, որ այդ առաջարկներին աջակցել է նաև ռուսական կողմը, սակայն հայկական կողմը հրաժարվել է և, կարծում եմ, կատարել է ողբերգական, ճակատագրական սխալ: Որովհետև, եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որին աջակցում էր Ռուսաստանը, ապա պարտությունն իրենց համար այդքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, կենդանի կմնային: Այսինքն՝ այս մարդկանց մահվան համար մեղավոր է Հայաստանի ղեկավարությունը, որը ռազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց թողեց այս պատմական շանսը», – ասել է նա:
Ալիևը նշել է, որ Երևանում հույս ունեին, որ իրենց արևմտյան ընկերները կօգնեն: «Նրանք բացահայտ պահանջ էին ներկայացնում Ռուսաստանին, թե ինչու ռուսական բանակը չի պայքարում իրենց համար: Չնայած՝ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համահունչ էր միջազգային իրավունքին, քանի որ ռազմական գործողություններն ընթանում էին Ադրբեջանի տարածքում և ոչ թե ՀԱՊԿ պատասխանատվության գոտում», – ասել է Ալիևը:
«Իհարկե, շատ հարցեր կային, որոնք համակարգման կարիք ունեին: Ամեն ինչ տեղի էր ունենում արտակարգ իրավիճակում: Պատկերացրեք, մեկ օրում տեքստ համաձայնեցնել երկու պատերազմող երկրների միջև, և, իհարկե, այս տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Հաշվի առավ, որ Ադրբեջանը հաղթող երկիր է, իսկ Հայաստանը` կապիտուլյացիայի ենթարկված երկիր: Այդ տեքստի համաձայնեցումը շարունակվեց մինչև ուշ գիշեր», – պատմել է նա:
Ալիևը նշել է, որ Պուտինը խնդրել է իրեն չպնդել, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ներկայությամբ:
«Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, շատ հարգալից է վերաբերվում բոլորին: Եվ ես ասացի, որ չեմ պնդելու, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացումը ոչ թե անձի, այլ երկրի է, և դա մենք չենք կարող մեզ թույլ տալ: Այսպիսով, ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ-որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա ստորագրել՝ դեռ հայտնի չէ: Ես բազմիցս հրապարակավ տվել եմ այս հարցը, բայց պատասխան չեմ ստացել։ Միգուցե պատերազմից մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք դրա մասին՝ պատմության համար», – հավելել է Ալիևը: