Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը ինձ խնդրեց չնվաստացնել Փաշինյանին․ Ալիևը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանի ղեկավարը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ համաձայնագրին։ Ալիևը հայտնել է, թե առաջին հեռախոսազրույցը Պուտինի հետ ունեցել է հոկտեմբերի 7-ին։ Ալիևը վերահաստատել է, որ պատերազմը կարող էր ավելի շուտ ավարտվել։

«Ես առաջարկներ ունեի, որոնց աջակցել է նաև ռուսական կողմը, բայց հայկական կողմը հրաժարվել է և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել։ Եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որը պաշտպանել Է նաև Ռուսաստանը, ապա պարտությունն այդքան նվաստացուցիչ չէր լինի նրանց համար, և հազարավոր զինծառայողներ ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ողջ կմնային»։

Բազմաթիվ հայ զինծառայողների մահվան մեջ Ալիևը մեղադրել է հայկական ղեկավարությունը, պնդել , թե պատերազմի ժամանակ առնվազն երկու անգամ ՀՀ-ն բաց է թողել պատմական հնարավորություն։ Հարցազրույցում Ալիևը հայտնել է, թե իր դիրքորոշումը հայտնի էր Վլադիմիր Պուտինին։

«Երբ մենք գրավեցինք Շուշին, Վլադիմիր Պուտինը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կատարել այն, ինչ պետք է կատարեր։ «Դուք մնո՞ւմ եք ձեր դիրքորոշմանը»,- հարցրեց Պուտինը, ես պատասխանեցի, որ այո և մեզ հաստատեցին մնացած գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամկետները»։
Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Արցախում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում։

«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, եւ նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր եւ ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով՝ տեքստն ի վերջո հաջողվեց համաձայնեցնել։ Ալիևը նաև բացատրել է, թե ինչու եռակողմ փաստաթղթի ստորագրման տեսանյութում Փաշինյանը ներկա չի եղել։ Հաստատել է կասկածները, որ Փաշինյանը չի ցանկացել նվաստացած երևալ։
«Բնականաբար, ենթադրվում էր փաստաթղթի ստորագրումը, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի այն մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է։ Նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ-որ լրացուցիչ պահեր, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի նվաստացում է, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ասել է Ալիեւը:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ բավարար էր միայն այն, որ Փաշինյանը կստորագրի փաստաթուղթը, հայտնել է, որ մինչև օրս գաղտնի է, թե որտեղ է եղել Փաշինյանը այդ ժամանակ ու հույս է հայտնել, որ զուտ պատմության համար շուտով կբացահայտվի նաև այդ տեղեկությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Ամենաընթերցվածները

Exit mobile version