«Սյունյաց Երկիրը» գրում է. «Գորիս համայնքի ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրությունն արդար և ազատ անցկացնելու գլխավոր նախապայմաններից մեկը (ինչպես ամեն մի ընտրության ժամանակ) տեղամասային ընտրական հանձնաժողովների օրինական ձևավորումն է:
Մի քանի օր առաջ ավարտվել է այդ հանձնաժողովների ձևավորումը: Եւ Գորիս համայնքում ձևավորվել է 18 տեղամասային ընտրական հանձնաժողով:
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ առնվազն յոթ անդամ, մեզանում հանձնաժողովները կազմավորվել են ութ հոգուց, որը նորմալ պիտի համարել:
Ութից երկուական հոգի նշանակել են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Այս դեպքում՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Հանձնաժողովների մյուս երկու անդամին նշանակելու իրավունքը վերապահված է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին:
ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 44-ը սահմանում է կարգը, թե ինչպես պետք է տարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում նշանակի երկու անդամ:
Մինչդեռ, ըստ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի մեր աղբյուրների, հանձնաժողովի անդամներին ոչ բոլոր դեպքերում են թույլ տվել իրացնել իրենց լիազորությունները և սեփական հայեցողությամբ (գործող կարգի համաձայն) առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ:
Հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը, իհարկե, չունի հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունք՝ ի տարբերություն տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, բայց ունի այդ ամենը վերահսկելու իրավունք, ինչը չի կարողացել պատշաճ ձեւով իրականացնել:
Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները տեղամասային հանձնաժողովներում «առաջադրել են» մարդկանց, որոնց (շատ դեպքերում) չեն էլ ճանաչում. փաստորեն եղել է պարտադրանք, որին չեն կարողացել ընդդիմանալ:
Եւ «փորձյալ ու նվիրյալ» հանձնաժողովականների գորիսյան զորահավաքից չստանալով սպասված արդյունքը, ոտքի է հանվել Սիսիանի մատյան գունդը: Եւ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ լինելու համար Գորիսում բազմապատիկ անգամ շատ են լիցենզավորված մարդիկ:
Արդյունքում՝ ձևավորվել են տեղամասային ընտարական հանձնաժողովներ, որոնցում (առանց բացառության) մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները:
Կատարված իրավական խեղկատակությունից առնվազն մի քանի հարց է բխում:
Առաջին. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են ձևավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում: Արդյո՞ք (այդ ամենից հետո) նա կարող է երաշխավորել, որ Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու օրինական ընտրություն:
Երկրորդ. թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները կարո՞ղ են անուն առ անուն պարզաբանել, թե ինչպես են առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ և ում թելադրանքով:
Եվ գլխավոր հարցը՝ ինչ -որ ուժի ճնշմամբ ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները կարո՞ղ են ազատ եւ արդար ընտրություն կազմակերպել Գորիս համայնքում:
Չսպասելով այդ հարցի պատասխանին, արդեն իսկ հիմնավոր տարակույսներ են հնչում առ այն, թե տեղամասային հանձնաժողովները չեն կարող նորմալ քվեարկություն կազմակերպել Գորիսում ու թեկնածուների օգտին տրված ձայներն անաչառությամբ հաշվարկել:
Ստեղծված իրավիճակը հիմք է պնդելու, որ Գորիս համայնքում արդեն իսկ ստեղծված են որոշակի հիմքեր՝ ոչ արդար և ոչ ազատ ընտրության համար:
Եվ քանի դեռ ժամանակ ունենք, ու որպեսզի Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունենա ազատ և արդար ընտրություն, ապա պետք է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը րոպե առաջ հրաժարական տա (ամբողջ կազմով) և հեռանա ասպարեզից:
Միևնույն ժամանակ՝ պետք է անհապաղ անվավեր համարել համայնքի տեղամասային 18 հանձնաժողովի երկուական այն անդամների լիազորությունները, ովքեր նշանակվել են թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից:
Առանց այդ կոնկրետ քայլերի եւ առանց նոր ու լեգիտիմ հանձնաժողովներ ձեւավորելու՝ խոսք լինել չի կարող այն մասին, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի կունենա ավագանու օրինական ընտրություն:
Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե ինչպես են նախընտրական Գորիսում չեղածից եւ չունեցածից «ֆավորիտ» հունցում»: