«Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է․ նա անկողնային վիճակում է»,- այսօր ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ դատարանին ներկայացնելով իր պաշտպանյալի՝ բժշկական հետազոտությունների արդյունքները։
Ելույթի ընթացքում պաշտպանը, որպես օրինակ, նշեց գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը՝ ընդգծելով, որ եթե դատարանը չբավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Չարչյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու, ապա ամբաստանյալը կարող է «արժանանալ նույն բախտին», ինչ՝ Մանվել Գրիգորյանը։
Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև գրություններ Իզմիրլյան ԲԿ-ի աշխատակազմից, ինչպես նաև մի խումբ մտավորականներից, որոնք դիմել են դատարանին Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով․
«Ներկայացնում եմ գրություն-դիմում ՀՀ բազմաթիվ արվեստագետների, վաստակավոր արտիստների կողմից, որոնց անունները բազմաթիվ են՝ Հրանտ Թոխատյան, Նազենի Հովհաննիսյան․ բազմաթիվ են նրանց անունները»,- ներկայացրեց պաշտպանը։
Պաշտպանական կողմը հայտնեց նաև, որ պատրաստ են 20 միլիոն ՀՀ դրամ և ավել գումար ներկայացնել որպես գրավ, որպեսզի Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխվի։