Քաղաքականություն
Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել. հայտարարվել է հետախուզում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործից՝ երեք մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար:
Վերջինս 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39.030.000 դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:
Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու, 18.470.000 ՀՀ դրամը բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ նախնական համաձայնությամբ, ինքնիրավչության եղանակով 57.500.000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած երիտասարդի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել է նրան, առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար նրանից վերցրել բջջային հեռախոսը, պարբերաբար առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը, ձեռքերով, ոտքերով և մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Այդ ընթացքում՝ 2016թ. հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 1 հասցեում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով ու երկու ապտակ հասցնելով նրա դեմքին, վերջինից, պահանջել է նրա կողմից վերցված վարկերի ընդհանուր գումարին մոտ՝ 57.138.000 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, որը ներառել է նաև ՍՊ ընկերության կարիքների համար ծախսված և ընկերության ֆոնդում առկա միջոցներից արդեն իսկ վճարված 18.470.000 ՀՀ դրամը: Նույն օրը երիտասարդին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է նշված համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել նրան, որտեղ էլ որդու ներկայությամբ, հայհոյանքներ տալով, էլեկտրական մահակով հարվածել է երիտասարդի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով երիտասարդին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում նրա առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Երիտասարդի փախուստը կանխելու նպատակով Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են տնօրենի կարգավիճակ ունեցող երիտասարդին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:
Ռաֆիկ Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով երիտասարդին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:
2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին երիտասարդի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս ընտանիքի անդամները, ընկերները և ընկերուհին: Ռաֆիկ Հայրապետյանը, Ռուբեն Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ, երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է 57.500.000 ՀՀ դրամը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 18.470.000 ՀՀ դրամի շորթում, ինչպես նաև, իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերը նշված անձանց հետ ինքնակամ իրականացրել է իր և հոր իրական և ենթադրյալ իրավունքները՝ պահանջելով ևս 39.030.000 ՀՀ դրամ:
Իրական համարելով երիտասարդի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները, երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել 25.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 70.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանի, 210.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, 238.075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1.428.450 դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա, որը նշված արժեքով վաճառվել է, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենա, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել՝ նշված գումարի չափով երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, 300.000 ՀՀ դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350.000 ՀՀ դրամը, 10.000 ԱՄՆ դոլար տվել է ընկերը, երիտասարդի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց արդյունքում գոյացած գումարը ընկերոջ տված գումարի հետ միասին՝ 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոցները անձամբ, ինչպես նաև խմբի անդամների միջնորդությամբ փոխանցել են Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, իսկ երիտասարդի ընկերուհին խմբի անդամների միջոցով նրանց է հանձնել ընկերոջ կողմից իրեն նվիրած՝ 70.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը:
Այդ ընթացքում՝ 2016թ. օգոստոսի 13-ին, երիտասարդը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, իսկ մեկ այլ օր՝ Երևան քաղաք՝ տարբեր վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար, որից հետո նորից վերադարձրել են «Հարսնաքար» համալիր և շարունակելով հանցավոր ոտնձգությունները՝ ազատությունից ապօրինի զրկված վիճակում պահել են նրան այնտեղ:
Հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող՝ ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը, որի ձևակերպման համար անհրաժեշտ օրինականացման գործընթացը կազմակերպվել է նրանց միջնորդությամբ: 2016թ. հոկտեմբերի 18-ին նշված առանձնատան նկատմամբ ձևակերպվել է Հայրապետյանների մտերիմի սեփականության իրավունքը, այնուհետև երիտասարդի կողմից «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ վերցրած վերը նշված վարկերի մնացորդը վճարելուց հետո ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ ձևակերպվել է մեկ այլ անձի անվամբ:
2016թ. օգոստոսի 15-ին Ռաֆիկ Հայրապետյանի որոշմամբ երիտասարդն ազատվել է տնօրենի պաշտոնից, իսկ օգոստոսի 18-ին ազատ է արձակվել: 2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տանից տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն – ֆուդբոլի ակադեմիա՝ Ռուբեն Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը, հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության:
Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:
Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաղաքականություն
Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ
Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։
NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:
1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ
2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա
ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ
3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ
4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ
5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ
7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ
8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ
10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ
«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ
12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ
13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ
14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ
««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ
16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ
17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:
Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Քաղաքականություն
Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ
«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:
Քաղաքականություն
«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․
«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:
Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:
Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:
Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:
Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն»: