Ուկրաինացի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին (Տեսանյութ)
Քաղաքական լուծման Հայաստանի ղեկավարությունը, առանց պատերազմի, ցավոք, չէր գնում։ Եկեք հիշենք, շատ լավ նախաձեռնություն կար 90-ականների վերջին, կարծեմ՝ Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից։ Նա, ինչպես այսօր տեսնում ենք, միանգամայն տրամաբանորեն, առողջ կերպով ամեն ինչ հաշվարկել և իր երկրի համար առաջարկել էր ստեղծված իրավիճակից ամենալավ ելքը, որին այդ պահին համաձայնել էր Ադրբեջանը։ Եվ ահա այսօր, տասնամյակներ անց, կարելի է գնահատել այս կամ այն երկրի, տվյալ դեպքում Հայաստանի այս կամ այն նախագահի անձնական կշիռն ու դերակատարությունը։
Նույն Տեր-Պետրոսյանը, ստացվում է, շատ ավելի լուրջ պետական և քաղաքական գործիչ էր, քան Հայաստանի այսօրվա ղեկավարությունը։ Տեր-Պետրոսյանը համաձայնել էր և պատրաստ էր մի կողմ դնել իր հպարտությունը, անձնական հավակնությունները․ չէ՞ որ այն բանից հետո, երբ նա առաջարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդ ծրագիրը, իմ կարծիքով՝ նրա վրա լուտանքներ չթափեցին միայն ալարկոտները։ Մինչդեռ հենց պետական այրը և պետականամետ մարդն է տեսնում հեռավորության վրա։ Եվ ես կարծում եմ, որ նա Հայաստանի լավագույն նախագահն էր, ամենաիմաստունը և ամենաբանականը, և ցավում եմ, որ հայ հասարակությունը այն ժամանակ ականջալուր չեղավ նրա կարծիքին։
Դե, իսկ այն, թե ինչ կերպ հետագայում կարող էր լուծվել այդ խնդիրը, պատրա՞ստ էր արդյոք Ռուսաստանն ի սկզբանե դրան․ ակնհայտ է, որ այո՝ դատելով այն քայլերից, որոնք տեսանելի էին արդեն հակամարտության առաջին օրերին։ Ակներև էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը և Թուրքիայի ղեկավարությունն արդեն այս կամ այն չափով համաձայնեցրել են տվյալ տարածքի հետպատերազմյան կառուցվածքը, և եթե Հայաստանի ղեկավարությունն անմիջապես գնար քաղաքական անձնազոհության, որն այս դեպքում կլիներ հանուն Հայաստանի շահերի, կարծում եմ՝ հետևանքները Լեռնային Ղարաբաղի համար և Հայաստանի համար ավելի քիչ ողբալի կլինեին։ Բայց Փաշինյանն իր երկրի համար չգնաց նույն զոհողությանը, ինչին ժամանակին ոչ միայն պատրաստ էր, այլև գնաց Տեր-Պետրոսյանը։