ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, պաշտոնատար անձի կողմից իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ հովանավորչության և թողտվության համար, միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք տալու միասնական դիտավորությամբ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի պետին որպես կաշառք տվել է խոշոր չափերով, ընդհանուր՝ 214.000 ՀՀ դրամ արժեքով շինանյութ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կալանավորը, քրեակատարողական հիմնարկում բջջային հեռախոսից օգտվելուն, ռեժիմի խախտմամբ խցի դռները բաց թողնելուն, ազատ տեղաշարժվելուն չխոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մեկ այլ կալանավորի միջնորդությամբ, հիշյալ պաշտոնատար անձի պահանջով, համաձայնել է վերջինիս որպես կաշառք տալ շինանյութ:
Կաշառքի առարկա հանդիսացած շինանյութը փոխանցելու համար կալանավորը դիմել է իր սանիկին, խնդրել գնել անհրաժեշտ շինարարական ապրանքները և դրանք փոխադրել ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից մատնանշված վայր՝ նախապես տեղեկացված լինելով իր և տեղամասի պետի միջև կաշառք տալու շուրջ պայմանավորվածության մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, միջնորդին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ սանիկին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ինչ վերաբերում է Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն, ապա փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն, ըստ քննչական ենթակայության, իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: