Մի շատ սիրված մարդ մահացավ քովիդից: Հարազատներին հարցրեցի, թե արդյո՞ք մահացածը պատվաստված է եղել…
Իզաբել Աբգարյանը ֆեյսբուքում գրել է.
Վերջերս մեր ընտանիքի կողմից մի շատ սիրված մարդ մահացավ կորոնավիրուսային հիվանդությունից: Ցավակցելու համար այցելեցինք իր տուն: Հարազատներին հարցրեցի, թե արդյո՞ք մահացածը պատվաստված է եղել. պատասխանեցին՝ ոչ, ինչ պատվաստում, ոչ մեկ չգիտի պատվաստման հնարավոր հետևանքների մասին: Ապշեցուցիչ պատասխան էր:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պատվաստումների վերաբերյալ մեր հասարակության պատկերացումների մասին: Փաստորեն մահը, հրաշալի մարդու անդառնալի կորուստն էլ ի զորու չէր եղել հարազատների մոտ արմատախիլ անել քարի նման կարծր, կասկածի չենթարկվող մտայնությունները: Ստացվում է՝ մահը որպես հետևանք ավելի ընդունելի էր, քան պատվաստումն որպես միջոց՝ կանխելու այդ հետևանքը:
Սա պատվաստման քարոզ չէ: Ես էլ որպես նորմալ մարդ կասկածներ ունեմ կլինիկական փորձարկումների անհրաժեշտ ժամանակային ցիկլը չանցած դեղերի, այդ թվում պատվաստանյութերի եթե ոչ արդյունավետության, ապա անվտանգության վերաբերյալ: Այդ կասկածները նորմալ են: Բայց մյուս կողմից, ընտրությունը մեծ չէ: Չպատվաստվել՝ նշանակում է հիվանդության պերմանենտ ռիսկ, ինչը սարսափելի է անձամբ ինձ համար ոչ այնքան սեփական առողջության, որքան այլոց առողջությունը և կյանքը վտանգելու տեսանկյունից: Մինչև հիմա էլ ինձ հանգիստ չի տալիս միտքը, թե 2021 թ. նոյեմբերի վերջերին, մինչև թեստ հանձնելը և իմանալը, որ վարակվել եմ, ո՞ւմ եմ հասցրել վարակել և, եթե վարակել եմ, արդյո՞ք հիվանդությունը վարակվածների մոտ թեթև ընթացք է ունեցել, թե՞ ոչ: Մահվան մասին չեմ էլ ուզում մտածել:
Ի վերջո, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը և պատվաստումներն ընդհանրապես, երևի ավելի շատ սոցիալական պատասխանատվության, առողջ կոլեկտիվիզմի մասին են վկայում, երբ մարդը նաև մի քիչ էլ ուրիշների մասին է մտածում, անհանգստանում, մի բան, որ մեր ժողովրդի մոտ, որպես հանրույթի, իսպառ բացակայում է: Եվ զարմանալի չէ, որ եսասիրությունը, անձնապաշտությունը, հանրային հավաքական շահերն անտեսելն ու ոստնահարելը, խավարամտությունը, հետադիմությունն ազգային բնավորություն են դարձել և մեզ տանում են վտանգավոր, անհայտ ճանապարհով՝ դեպի շատ կանխատեսելի վախճան:
Մեր երկրում օրական միջինում 15-20 մարդ, այդ թվում երիտասարդ մարդիկ, մահանում են կորոնավիրուսային հիվանդությունից: 5000-ից ավելի մարդ արդեն իսկ մահացել է: Հիվանդությունը չի խնայում ո՛չ երիտասարդին, ո՛չ հայտնիին, ո՛չ մեծ ավանդ ունեցողին: Ստացվում է ինչ-որ մեկը և բոլորս միասին այս մարդկանց մարդասպաններն ենք ինչ-որ իմաստով:
Հարգելու ենք այլոց կյանքի իրավունքը, առողջության պահպանման իրավունքը, թե՞ շարունակելու ենք էլի անձնապաստան վարք դրսևորել: Ի վերջո բացի իրավունքներից, երևի պարտականություններ էլ ունենք՝ հարգել ուրիշի կյանքի ու առողջության պահպանման իրավունքը:
Ժամանակը ցույց կտա թե որքանով մենք հասունացանք պատերազմի ու համավարակի արդյունքում, որքանով ենք դասեր քաղել եսին միշտ գերի մեր անձնահաճ վարքուբարքից: Ցավոք, հույսը մեծ չէ, որ հանրային շահը մեր հասարակության գիտակցության մեջ երբևէ գերակայող կդառնա, որ սեփական շահը հանրույթի շահին ստորադաս կլինի: Մենք այն ենք, ինչ միշտ եղել ենք՝ անհատների հասարակություն, որտեղ կանոններին ենթարկվելը ամոթ է, հանրային բարիքից մասնավոր օգուտ չքաղելը՝ հարիֆություն, ամեն չիմացած բանի մասին կարծիք հայտնելը՝ խելքի նշան:
Տարիներ առաջ մի այդպիսի դիմադրության արդյունքում էլ տապալվեց ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը: Թե ինչ առողջապահական հետևանքների է հանգեցվում տարբեր հանքանյութերի պակասը մեր երեխաների, հղի կանանց ու տարեցների մոտ, թե որքան հաշմանադամ ու առողջական խնդիրներ ունեցող բնակչություն ունենք դրա արդյունքում, վստահ եմ ծրագրի դեմ կուրծք ծեծողներին բոլորովին էլ չի հետաքրքրում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարաբնույթ շահեր սպասարկողները հաշվել են մեր ժողովրդի ատամները, գիտեն նրա՝ հանրային շահի գերակայության նկատմամբ խորը արհամարհանքը և գեներացնում են այս հանրային պսիխոզը՝ էլի իրենց մասնավոր շահերի բավարարման համար:
Ցավալի է…
Հ.Գ Ես միշտ բաց եմ մտքերի փոխանակման համար: Բայց այս դեպքում չեմ արձագանքելու հակընդդեմ կարծիքներին: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Գրելուս նպատակը մտորումներով կիսվելն էր: