Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելու հարցին։ «Նիկոլ Փաշինյանը մեր պետության ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է։ Եվ, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը։ Եթե դուք նկարների հետ զրուցում եք, ես նկարների հետ չեմ զրուցում, բայց խորհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար եմ ես աշխատում։ Դրոշը, գերբը, ղեկավարի լուսանկարը ինձ համար խորհրդանիշ է, որն արժեքներ է նշանակում։ Եվ այդ արժեքները պետք է հարգել ու դրանով առաջնորդվել։ Այն, ինչ արգելված չէ, թույլատրված է»,- ասաց նա։