Քաղաքականություն

Այո, մեր նպատակը իշխանափոխությունն է. Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց փողոցային պայքար սկսելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ ծավալելու են փողոցային պայքար։

«Պայքարելու ենք, այո, նաև ծավալելու ենք  փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք  է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման», – մամուլի ասուլիսին ասաց Քոչարյանը՝ խոսելով առաջիկա անելիքների մասին։

Նա նշեց, թե եթե չկարողանան այս գործընթացը գեներացնել, նշանակում է՝ կամ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ շփվելու, կամ՝ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է։

«Այո, մեր նպատակը իշխանափոխությունն է, այո, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելն է», – ասաց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ եթե բնակչության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, ոչ մի իշխանություն չի դիմանա։

«Նույնիսկ, եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, կրկնում եմ, ոչ մի իշխանություն չի դիմանա», – ասաց նա։

Քոչարյանը նշեց, թե 400 հազար մարդ այս իշխանությանը համարում է դավաճան, կապիտուլյանտ, հողատու։

«Համոզված եմ, որ այդ թիվը շատ ավելի մեծ է, եթե այդ զանգվածի մեկ-երրորդը մտնի ակտիվ պայքարի մեջ, ոչ մի իշխանություն չի դիմանա, սա փաստ է», – ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, թե համագործակցելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք այս իշխանությանը համարում են դավաճան, հողատու, կապիտուլյանտ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version