Հերքում.
«Ասեկոսե» ՍՊԸ-ի www.asekose.am կայքում 25.03.2021 թվականին՝ ժամը 17:54-ին և 21:46-ին տեղադրվել են «Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում» և «Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս» վերտառությամբ հոդվածներ ( այս և այս ինտերնետային հղումներով):
Նշված հոդվածների առնչությամբ պարոն Խաչատուր Սուքիասյանը և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:
Հայտնում ենք, որ «Ասեկոսե» ՍՊԸ-ն նշված հրապարակումները արտատպել է ոչ պաշտոնական լրատվական գործունեություն իրականացնող Մեդիապորտ և Դեժավյու տելեգրամյան ալիքներում առավել վաղ կատարված ճիշտ նույն հրապարակումներից:
Հետագայում, սակայն, պարզվել է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը:
«Ասեկոսե» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը և ներողություն է խնդրում պարոն Խաչատուր Սուքիասյանից և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից վերջիններիս վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար:
Araratnews.am