Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի ու վիրավորական չափերի ապատեղեկատվություն են տարածում (Տեսանյութեր)
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.
Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի ու վիրավորական չափերի ապատեղեկատվություն են տարածում
Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Շուշին 30 տարի եղել է ավերակների մեջ: Եթե պարոն Փաշինյանը 1992-ին, 1993-ին, 1997-ին, 2003-ին, 2008-ին և այսպես շարունակ եղած լիներ Շուշիում և համեմատեր այն Շուշիի հետ, որ նա եղավ վերջին անգամ՝ Արցախի նախագահ Արայիկ Հայրությունյանի երդմնակալության արարողությանը կամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին (սիրտ չկա այստեղ դնել ոչ երդմնակալության և ոչ էլ հարսանիքի երջանիկ նկարները), ապա կտեսներ, թե ինչպես է ամեն տարի ավերակներից (ի դեպ, 1992-ին մենք՝ հայերս ավերեցինք ու թալանեցինք Շուշին) վեր կենում Շուշին:
Անթույլատրելի է, երբ պարտությունը ուրիշի վրա բարդելու մոլուցքը կամ այլ նեղ շահեր հետապնդելով, ապատեղեկատվություն է տարածում պարոն Փաշինյանը: Խոսքը ՀՀ առաջին դեմքի մասին է:
Նույնն անում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա երեկ հերթական անգամ, որպեսզի ավելի համոզիչ դարձնի իր պնդումը, որ Շուշին և 7 շրջանները հանձնվել են Ադրբեջանին, հերթական անգամ խոսեց հայտնի 5 միլիարդի մասին, միաժամանակ պնդելով, որ Հադրութից մինչև Շուշի ադրբեջանական բանակը անցել է՝ չհանդիպելով դիմադրության, որ իբր խրամատներ չեն փորվել:
Պարոն Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ առաջին դեմքը: Նրա պնդումը ուղղակի չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք՝ վիրավորական է ընկածների ու վիրավորների հասցեին: Հադրութից մինչև Քարին Տակ և Շուշի ընկած հատվածներում՝ նույն Շուշիում, Քարին Տակում, Սղնախում, Ավետարանոցում և այդ գծի վրա ընկած մյուս բնակավայրերում ընթացել են արյունալի մարտեր, հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել: Ադրբեջանցիները Հադրութից Շուշի հատվածը անցել են ուղիղ մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում եղել են բազմաթիվ արյունալի մարտեր:
Այս մասին հավանաբար արժե ժամանակագրորեն ներկայացնել, թե ինչպես են ընթացել մարտերը: Բայց դրա համար ժամանակ է պետք: Բայց պետք է անել, թեկուզ ոչ հիմա:
Մեկնաբանության մեջ դնում եմ 2 տեսանյութ և 1 հետաքննություն: Հետաքննությունը ՀԵՏՔ-ինն է և պատմում է Սղանխի մարտերի ու զոհերի մասին: Առաջին տեսանյութը Արցախյան երկրորդ պատերազմը լավագույնը լուսաբանած ռուսական ԱՆՆԱ Նյուզի տղաների՝ Խարչենկոյի ու Կամիժիկինի խիզախ գործն է, իսկ երրորդը՝ հրեա լրագրողի նկարահանումները: