Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում էր կայացվել բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, ըստ այդմ, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավիթ մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։
Hraparak.am-ի հետ զրույցում պաշտպան Արմեն Անդրիկյանը նշեց, որ բողոքարկել են կալանավորման որոշումը, սակայն դեռեւս հայտնի չէ, թե այն ում է մակագրվել։
Ինչ վերաբերում է իրենց հիմնավորումներին խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, պաշտպանն ասաց․ «Մենք նախ եւ առաջ հիմնավոր կասկածին ենք անդրադարձել, որ մեղադրանքը անհիմն է, հիմնավոր կասկած գոյություն չունի։ Կալանավորման հիմքերի մասով նաեւ վերլուծել ենք դատարսնի եզրահանգումները եւ գտնում ենք, որ չնայած հիմնավոր կասկածը բացակայում է, այս դեպքում չկա նաեւ կալանավորման հիմքերը։ Այսինքն՝ նախաքննական մարմնի միջնորդության եւ ներկայացրած նյութերի հիման վրա դատարանը չպետք է գար այն եզրահանգման, որ առկա է հիմնավոր կասկած»
Պաշտպանը նաեւ չպատասխանեց հարցերին, թե իր պաշտպանյալը ցուցմունք տվե՞լ է, առերեսումներ եղե՞լ են՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիքի շրջանակներում է։
Արմեն Անդրիկյանը վերջում ավելացրեց, որ կան որոշակի առողջական խնդիրներ Դավիթ Գալստյանի մոտ, սակայն բժշկական գաղտնիքից ելնելով չի կարող դրանց մասին խոսել։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալաստյանին (Պատրոն Դավիթ)՝ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ բանակի կարիքների համար ռազմամթերք մատակարարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: