Հրապարակը գրում է.
Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի առողջական վիճակը շատ վատ է, ու թեեւ նրան կալանավորելու հիմքեր չկան, վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել տնօրենին, եւ նա այժմ կալանավորված է։ Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանավորման վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոքն այսօր մուտք կարվի վճռաբեկ դատարան։ Սիմոնյանը նաեւ անդրադարձավ կալանավորման որոշման հիմքերին՝ նշելով, որ որոշման պատճառաբանական մասում որեւէ պատճառ նշված չէ։
«Վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրելիս ինձ համար հասկանալի էր, որ բողոքը բավարարվել է, բայց պատճառաբանական մասն ուղղակի, կարելի է ասել, բացակայում է, ընդամենը բառերի կույտ է նշված, որոնք իրենց մեջ ոչ մի իմաստ եւ պատճառաբանություն չեն պարունակում։ Մինչեւ Մարինե Մալախյանին ձերբակալելը կամ կալանավորելը, դեռեւս ամսի 2-ին նա հրավիրվել է ոստիկանություն եւ գնացել է, որտեղ եւ տվել է բացատրություն։ Դրանից հետո արդեն համացանցում պտտվում էին տարբեր տեսագրություններ, ձայնագրություններ, որից ենթադրվում էր, որ Մարինե Մալախյանը կարող է մեղադրվել այդ արարքի մեջ, բայց նման պայմաններում Մարինե Մալախյանը մշտապես, երբ քննիչի կողմից պահանջվել է, ներկայացել է։ Վերջին անգամ, մինչեւ ձերբակալվելը, քննիչի կողմից է կանչվել, միասին ենք գնացել, հետեւաբար, այս հանգամանքները խոսում են այն մասին, որ որեւէ հիմք չկա, որ Մարինե Մալախյանը կարող է խուսափել քննությունից։ Այսինքն՝ իր վարքագծով ապացուցել է, որ խուսափելու հիմք առկա չէ։ Նշված հանգամանքը առաջին ատյանի դատարանը նաեւ նշել էր իր որոշման մեջ։
Հիմա, երբ վերաքննիչ դատարանը բավարարում է դատախազի բողոքը, մեջը որեւէ հիմնավորում չի նշում, թե ինչու, ինչ փաստական տվյալներից ելնելով Մարինե Մալախյանը կարող է խուսափել քննությունից։ Բացի այդ, եւս մեկ հանգամանքի մասին նշեմ․ առաջին ատյանի դատարանը նաեւ Մարինե Մալախյանի ձերբակալումն էր ճանաչել ոչ իրավաչափ, եւ քննիչը նպատակը չէր նշել, թե ինչու է ձերբակալում։ Նպատակներից մեկը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է քննությանը չներկայանալու հանգամանքը, եւ դատախազը նույնիսկ այդ մասով բողոք չի բերել, ձերբակալության իրավաչափության հետ կապված դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, դատախազը նույնիսկ բողոք չի բերել։ Դրանից հետո, երբ Մարինե Մալախյանի մեղադրանքը ծանրացրին, այսինքն՝ տարան, այդ մի դրվագը մասնատելով դարձրին մի քանի դրվագ, նորից դատարան մտան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, ինչը նույնպես մերժվեց, նույնիսկ հիմքը չէր նշվել։ Այսինքն՝ համարվել էր, որ նման հիմք գոյություն չունի։ Նման պայմաններում վերաքննիչ դատարանն առանց պատճառաբանության գտնում է, որ առկա է խուսափելու հիմքը, եւ բավարարում է բողոքը։ Երկրորդը վերաբերում է արդեն խոչընդոտելուն․ տեսեք՝ համացանցում պտտվող այդ նյութերի առկայության դեպքում եւ արդեն իսկ տեղի ունեցած առերեսումների պարագայում․․․, Մարինե Մալախյանն առերեսվել է իր դեմ վկայություն տված անձանց հետ, առանց որեւէ պատճառաբանության, վերաքննիչ դատարանը նորից նշել է, որ ազատության մեջ մնալով՝ հնարավոր է, որ խոչընդոտի գործի քննությանը՝ չնշելով, թե կոնկրետ ինչ գործողություն կարող է կատարել խոչընդոտելու առումով, ինչին պետք է խոչընդոտի։ Այսինքն՝ թե՛ խոչընդոտելու, թե՛ քննությանը չներկայանալու հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանն ուղղակի կայացրել է չպատճառաբանված որոշում։ Կրկին ասում եմ՝ նշել է ուղղակի բառերի կույտ, որոնք նույնիսկ տրամաբանորեն իրար հետ կապված չեն, իսկական Արմեն Դանիելյանի կայացրած որոշում է»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։
Նրա խոսքով՝ Մալախյանի առողջական վիճակը շատ վատ է․ «Առողջական վիճակը շատ վատ է, նրա մոտ առկա է քաղցկեղային հիվանդություն, 4 օրգան հեռացված է, եւ նման բաներ Դանիելյան Արմենին չեն հետաքրքրում։ Իր խնամքին ունի 87-ամյա մայր, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր։ Չգիտեմ՝ իմ կարծիքով, ուղղակի Դանիելյան Արմենը տուրք տվեց դատախազությանը»։
Հիշեցնենք, որ Մարինե Մալախյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ 2021 թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։