ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ թեստավորման պահանջ-խմբ.)»,-ասել է Ավանեսյանը:
Նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա: «Հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն և երկու շաբաթվա ընթացքում արդեն նախնական նախագիծը կունենանք»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը շեշտեց, որ մեծաթիվ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի տարածման առումով վտանգավոր են, և պետք է նման պահանջը գործի նաև համերգների, ռեստորանների համար: