ԱԺ նախագահ, «սրսուռ իմքայլական» Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե եթե ընդդիմությունը (բնականաբար՝ նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը) փողոցային պայքար սկսի, չի կարողանալու մարդ հավաքել։ Ճիշտ է ասում, բայց այդ «ճիշտը» թարգմանաբար նշանակում է մոտավորապես հետևյալը․ «հա, մենք վատն ենք, բայց խորհրդարանական ընդդիմությունն ավելի վատն է, մենք էս պետության ու ժողովրդի գլխին ինչ աղետ ասես բերեցինք, բայց ժողովուրդը համակերպվել ու հաշտվել է դրա հետ, այնպես որ՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ»։ Ի դեպ, Ալիևն էլ է նույնը ասում՝ «նույնիսկ Հայաստանի իշխանություններն են բարձր մակարդակով ընդունում, որ այդ տարածքներն ադրբեջանական են, էլ ի՞նչ եք ուզում», բայց սա այլ հարց է։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին ԱԺ ամբիոնից հռհռալով կլիզմայի մասին անեկդոտ պատմում։ Անեկդոտն այն մասին էր, որ ինչ-որ թագավոր փորկապություն է ունենում, բժիշկները կլիզմա են նշանակում ու ծառաներից մեկի վրա ցույց տալիս, թե դա ինչպես է արվում, թագավորն էլ այնքան է ծիծաղում, որ փորկապությունը հաղթահարվում է։ Ու դրանից հետո ամեն անգամ նման խնդիր ունենալիս բժիշկներն այդ նույն ծառային բերում ու կլիզմա են անում։ Հետաքրքիր է՝ Քոչարյանը գոնե հիմա հասկացե՞լ է, որ ինքը ճիշտ և ճիշտ այդ ծառայի վիճակում է հայտնվել։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ նոր «քյալլագյոզություն» է անում, ու հասարակության ներսում դժգոհության հերթական ալիքն է բարձրանում, իշխանությունները պարզապես «կլիզմա են անում» Քոչարյանին ու նրա ղեկավարած խորհրդարանական ուժին, և իրավիճակը լիցքաթափվում է։ Կապ չունի, թե ինչպես են անում․ կարող են նոր քրեական գործեր հարուցել, ԱԺ դահլիճում ծեծել, անցյալը հիշեցնել և այլն։ Արդյունքը նույնն է լինում՝ նրանց առաջնորդությամբ փողոցային պայքարը բացառվում է։ Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը «վիզ դրած» ամեն ինչ անում, որ խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակիցը Քոչարյանը լինի։ «Կլիզմա անելու» ամենաիդեալական թեկնածուն էր, ընդ որում՝ բացարձակապես անվտանգ, որովհետև «բա ուզում եք Ռոբը հետ գա՞» մանիպուլյացիոն սպառնալիքը մոգական ազդեցություն է թողնում մոլախոտի ինտելեկտով զանգվածների վրա։
Կարելի է վստահ լինել՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ քաղաքական գործիչն է, որ Օրուելի «Անասնաֆերման» կարդալիս ծոցատետրում նշումներ է արել։ Ոչ թե հետաքրքրության համար, այլ որպես իր հետագա քաղաքական գործունեության հիմնական ուղեցույց։ Ու առ այսօր մեծ հաջողությամբ կիրառում է։ Այլ հարց է՝ միայն «ոչխարներին» մանիպուլացնելու հատվա՞ծն է յուրացրել, թե՞ գիտակցել է նաև, որ ֆերմայի գոյատևման համար, ինչպես այդ վեպում, անհրաժեշտ է լինելու քայլ առ քայլ չնչին գներով վաճառել եղած-չեղածը՝ երբեմն խաբելով «ոչխարներին», երբեմն՝ թաքցնելով, երբեմն՝ դա ներկայացնելով որպես բացառիկ անհրաժեշտություն, և այլն։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։