Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագիտական աշխատանքների մասին ուշագրավ հայտարարություն է արել։ Պարոն Փաշինյանն ասել է․«․․․Բանակցային գործընթացում եղել է պարտադիր պայման ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի եւ ԼՂ մնացած հատվածներ: Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ: Չէր կարող լիներ այդպիսի բան»։ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Ավանեսյանն ի պատասխան մեր հարցի՝ արդյոք 30 տարիներին հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական հաջողություն հայկական կողմը չի՞ արձանագրել, հիշեցրեց 1997 թվականը։ Պարոն Աթանեսյանն ասաց․«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեկ հնարավորություն եւ ամենաօպտիմալ տարբերակը մենք ունեցել ենք 1997 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած կարգավորման փուլային տարբերակը։ Այն ենթադրում էր զինված հակամարտության ավարտ, զինված հակամարտության մասին եռակողմ՝ Ադրբեջան-ԼՂ- ՀՀ համաձայնագրի ստորագրում, որը կասեցվել է, չի իրականացվել ԼՂ իշխանության, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի դիմադրության պատճառով։ Դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը, որ Հայաստանն ունեցել է, 1997 թվականին է եղել։ Եթե այսօրվա գործող վարչապետն ուրանում է դիվանագիտական այդ ձեռքբերումը, ապա դա իր խնդիրն է»։ Պարոն Աթանեսյանը նաեւ նշեց՝ գործող վարչապետն առաջինը չէ, որ դիվանագիտական այդ ձեռքբերումն ուրանում է․ «Նրանից առաջ ուրացել են ՀՀ 2-րդ, 3-րդ նախագահները, քաղաքական դաշտի առաջատար դերակատարները, քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ՀՀԿ, ԱԺՄ-ն՝ ի դեմս այսօրվա ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն, եւ այլն։ Այդ ուժերը հարցը տարել են դեպի դիվանագիտական փակուղի, ինչն, ի վերջո հանգեցրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին, որն ավարտվեց աղետալի հետեւանքներով։ Հակամարտության կարգավորման այդ տարբերակը պաշտպանում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նրան չհաջողվեց կյանքի կոչել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am