Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին. ՀՀ նախագահ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին. ՀՀ նախագահ

Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

– Ինչպե՞ս են հայկական հայտնագործությունները, ինժեներները մեծ ներդրում ունեցել համաշխարհային գիտության մեջ: Դուք գիտնական եք, ըստ Ձեզ, ո՞րն է հայերի ամենակարևոր գիտական ներդրումն աշխարհում։

– Ես հավատացած եմ, որ համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների ամենամեծ ու կարևոր ներդրումն արվելու է ապագայում:

Ես այստեղ (համաժողովում) հանդիպեցի երիտասարդ տղաների և աղջիկների, տեսա նրանց էներգիան, ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը՝ անելու ինչ-որ բան, ներգրավվելու 21-րդ դարում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի առավելություններ: Խոսքը միայն պատմության մասին չէ: Հայերին կարելի է գտնել ամենուր, ամեն ոլորտում: Դուք ամերիկացի եք: Ձեր երկրում կա կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ Pfizer և Moderna: Moderna-ն ստեղծվել է հայի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի կողմից: Անշուշտ, սա մեծ ներդրում է: Մի քանի օր առաջ մեկ այլ հայ, ով ծնվել է Լիբանանում, արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հայերը շատ կարևոր բաներ են արել, և դրանցից մեկն էլ Քեմուրջյանի ներդրումն է: Մենք մի ժողովուրդ ենք, որի ամենակարևոր արժեքը մարդն է։ Այսօրվա Հայաստանը շարունակությունն է այն ամենի, ինչ ունեցել ենք նախկինում:

Ցավոք, Ցեղասպանության հետևանքով սպանված հայերի թիվը հսկայական էր: Մենք կորցրեցինք մեծաթիվ տաղանդներ, հանճարներ: Եթե չլիներ Ցեղասպանությունը, գուցե ավելի շատ հանճարներ ունենայինք ողջ աշխարհում, որոնք իրենց ներդրումը կունենային արվեստի, երաժշտության, տեխնոլոգիաների և գիտության մեջ:

Ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ հայկական սփյուռքի ընդլայնման համար: Ներկայում Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Եվ մեր ունեցած ամենակարևոր արժեքը մարդիկ են: Հարցը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք ճիշտ կառավարել այդ ռեսուրսը: Իմ պատասխանը բացասական է՝ մենք այն լավ չենք կառավարում:

Պատճառները մի քանիսին են, որոնցից մեկը Սահմանադրությունն է: Այն թույլ չի տալիս արտասահմանում բնակվող հային գալ Հայաստան ու ծառայել երկրին: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է հետ վերադառնա, վերջին 4 տարին բնակվի միայն Հայաստանում և ունենա միայն ՀՀ անձնագիր, ինչը 21-րդ դարում բացարձակ անհեթեթություն է: Հենց սրա պատճառով է, որ ես հիմա խոսում եմ և պնդում, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Այն պահին, երբ կբացենք մեր դռները ու կսկսենք օգտագործել մեր ամենամեծ ռեսուրսը, կտեսնենք հայ ժողովրդի իրական բարգավաճումը ողջ աշխարհում:

Մենք չենք օգտագործում մեր հիմնական ռեսուրսը՝ մարդկանց: Մենք պետք է անենք ամեն բան՝ հարաբերություններ հաստատելու Հայաստան պետության և ողջ աշխարհում բնակվող հայերի ցանցի միջև, որպեսզի այդ կապը շատ ավելի արդյունավետ գործի:

Ձեր հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ես ակնկալում եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկներն ապագայում հսկայական ներդրում կունենան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

– Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը շատ կենսունակ է: Կարո՞ղ եք մատնանշել տեխնոլոգիական արդյունաբերության ներկայիս կամ առաջիկա զարգացումները, որոնք օգտակար են լինելու տիեզերքի ուսումնասիրության գործում:

– Ես միաժամանակ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ Ձեզ հետ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ: Հայաստանում մենք իսկապես հավատացած ենք, որ ունենք բարձր մակարդակի ՏՏ ոլորտ, ինչը, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք: Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում և՝ կառավարությունը:

Ես, որպես նախագահ, ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, որը մարդկանց համախմբում է մի վայրում, ինչպես Դավոսում է, և քննարկումներ են անցկացվում աշխարհաքաղաքականության, 21-րդ դարի, ապագայի, նոր տեխնոլոգիաների մասին: Երրորդ նման գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ շաբաթ Դիլիջանում:

Մենք ունենք նաև ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությունը: Կարծում եմ, մենք շատ տաղանդներ ունենք, որոնք աջակցության կարիք ունեն: Այս նախաձեռնության նպատակն է մեծ ձեռնարկություններին ու արդյունաբերողներին բերել Հայաստան, ստեղծել համատեղ վենչուրներ այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Google-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, Siemens-ը, Մյունխենի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Նման մեծ կազմակերպությունները մշտապես կունենան երիտասարդ գիտնականների, ստարտափների կարիք, իսկ նման ընկերությունների ներկայությունը կխթանի զարգացնելու մեր կրթական համակարգը:

Պետք է լինի ոլորտ, որը կքաջալերի երիտասարդ սերնդին: Սա, իհարկե, բարդ է, սակայն մենք այլ ճանապարհ չունենք: Մեր երկրի ապագան 21-րդ դարում է, դա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բացարձակ ժամանակակից բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ինչպես նաև պետք է զարգացնենք ժամանակակից գյուղատնտեսություն: Երիտասարդները պետք է հասկանան, որ, ապրելով գյուղում, կարող են ապրել ժամանակակից մարդու կյանքով, լինել աշխարհի մասը:

Կարծում եմ՝ ինչ էլ որ անենք Հայաստանում, պետք է հիմքում ունենա բարձր տեխնոլոգիաները:

-Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի «STARMUS» 6-րդ փառատոնը: Կներկայացնե՞ք, թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ է իրենից ներկայացնում:

– «STARMUS» 6-րդ փառատոնը մեծ նվաճում է: Գաղափարն, անշուշտ, շատ հիասքանչ է, սակայն գաղափարը հաջողության միայն մեկ տոկոսն է: 99 տոկոսը նվիրումն է, էներգիան, աշխատանքը, այլ մարդկանց ներգրավելու, գաղափարները կիսելու կարողությունը:

Ուրախ եմ, որ Ցյուրիխում՝ «STARMUS» 5-րդ փառատոնի ժամանակ ես հրավիրեցի այս փառատոնը Հայաստան, և հրավերն ընդունվեց:

Ես ուզում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա նոր մակարդակի «STARMUS»: «STARMUS»-ը մշտապես եղել է գիտության, մասնավորապես, աստղագիտության ու երաժշտության, մասնավորապես՝ ռոք երաժշտության մասին: Սակայն ես ցանկանում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա «STARMUS»-ի համար նոր ժամանակաշրջանի մեկնարկ, երբ մենք կխոսենք գիտության մասին ավելի լայն իմաստով: Այսինքն, ուզում եմ, որ «STARMUS» 6-ը քաջալերի ոչ միայն աստղագիտությունը, այլև գիտությունն ավելի լայն իմաստով: Հաջորդ տարի մեր քննարկումները կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ:

«STARMUS» 6-ը նաև պետք է լինի ընդհանուր երաժշտության փառատոն, ոչ միայն ռոքի, այլև ժամանակակից ու դասական երաժշտության: Սա իմ տեսլականն էր, որի մասին խոսեցի Գարիկ Իսրայելյանի հետ: Նախատեսվում է, որ այն լինելու է մեծ միջազգային փառատոն, և ուրախ կլինեմ, որ հազարավոր մարդիկ գան Հայաստան՝ մասնակցելու գիտության ու արվեստի այս մեծ փառատոնին:

-Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը:

– Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար:

-Դուք խոսեցիք Հայաստանում ՏՏ ոլորտի առավելությունների և առաջնահերթությունների մասին: Ի՞նչ եք կարծում՝ կրթական համակարգում կա՞ն բացեր, որոնք խանգարում են հայ գիտնականներին՝ աշխատել ու ստեղծել, և ի՞նչ կարող ենք անել՝ փոխելու դա, որպեսզի ավելի լավ կրթական համակարգ, ավելի շատ գիտնականներ ունենանք:

– Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:

Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան, և ինչ եմ ես վաճառելու այնտեղ՝ գումար վաստակելու համար: Շատ կարևոր է՝ տեսլական ունենալ, որին մենք բոլորս կհավատանք: Մենք բոլորս պետք է ունենանք նույն նպատակը, տեսլականը և ծրագիրը, որում պետք է ներգրավվեն բոլորը:

Եթե 10 տարվա կտրվածքով ցանկանում ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, ապա պետք է մեր հասարակությունը դարձնենք ոչ միայն առողջ, այլև հարգանք սերմանենք հաջողության նկատմամբ, ամբողջ միջավայրը պետք է շատ մրցունակ դարձնենք երիտասարդների համար, և ցանկացած հաջողություն պետք է նշանավորվի, հասարակությունը պետք է ցույց տա իր հարգանքն ու պատկառանքը դրա նկատմամբ: Երբ ակադեմիկոս Համբարձումյանը քայլում էր փողոցով, բոլորը նրան պատկառանքով էին նայում: Մեր բառապաշարում կա շատ լավ բառ՝ վարպետ: Մենք շատ վարպետներ ենք ունեցել:

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է:

Մենք պետք է ամենալավ կրթությունն ունենանք, պետք է ուսումնասիրենք ուրիշների կրթական համակարգերը և ստեղծենք այնպիսի համակարգ, որը բոլորից լավը լինի:

– Չե՞ք կարծում, որ մենք պետք է առաջին հերթին մտածենք աշխարհի վրա եղած խնդիրների, պատերազմների, խտրականության մասին և միայն դրանից հետո դիտարկենք Մարս թռչելը:

– Եկեք 100 տարի հետ գնանք: Այդ ժամանակ աշխարհը կրկին խառնաշփոթի մեջ էր, աղքատության վերաբերյալ հարցեր կային, սակայն հետազոտությունների համար գումարներ էին հատկացվում: Այդ ժամանակ ևս հարց էր բարձրացվում, թե ինչու՞ են մեծ գումարներ հատկացվում գիտնականներին, ֆիզիկոսներին՝ բացահայտելու ատոմները, երբ այդքան մարդ քաղցած էր: Այդ գիտնականները բացահայտեցին քվանտային ֆիզիկան, որը օգտագործվեց ԱՄՆ-Խորհրդային Միություն մրցակցության համար: Այն, ինչ մենք ունենք այսօր՝ սկսած խոսափողից, հեռախոսներից, ստեղծվել է քվանտային ֆիզիկայի շնորհիվ: Եվ եթե մենք ներդրում չանեինք այդ ոլորտում, մենք ոչ մի տեղ չէինք հասնի: Եթե չլինեին համակարգիչները, քվանտային ֆիզիկան բազմաթիվ մարդիկ աշխատանք չէին ունենա:

Այսպիսով՝ գիտության ոլորտում ներդրում անելը և Լուսին կամ տիեզերք թռչելը պարզապես հաճույքի համար չէ, դա գիտության մեջ ֆունդամենտալ ներդրում է, քանի որ դու չես կարող թռչել Լուսին առանց տեխնոլոգիաների ուժեղացման և զարգացման: Դեպի Լուսին թռչելով՝ դու ներդրում ես անում բարձր տեխնոլոգիաների մեջ, դու ներդրում ես կատարում նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք հազարավոր, միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծում: Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի՝ ներգրավելու ավելի շատ երիտասարդ ուսանողների ու գիտնականների տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի հնարավոր լինի միավորել մեր ողջ ներուժը: Քանի որ շատ հաճախ երիտասարդները հանդես են գալիս այնպիսի նորարարություններով, որոնց մասին մյուսները չէին մտածել: Իսկ հնի ու նորի մեկտեղումը շատ հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս պետք է արվի:

– Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, դրանում կհամոզվեք, եթե խոսեք երիտասարդների հետ: Որոշ ժամանակ առաջ ես Վանաձորում էի, հանդիպեցի դպրոցականների ու հարցրի, թե ինչ են ուզում դառնալ: Նրանց մի մասն ուզում էր դառնալ դիվանագետ, իսկ մյուս մասը՝ ծրագրավորող: Մենք պետք է խրախուսենք, բացատրենք, որ ավելի լավ կյանք ունենալու համար պետք է ավելի լայն մտածել:

Երկրորդը, շատ կարևոր է, որ մեր երկրում բոլորը՝ սկսած նախագահից, վարչապետից, կառավարությունից պետք է գնահատեն ու հարգեն նրանց, ովքեր տաղանդավոր են:

Այս համաժողովը Քեմուրջյանին պատվելու համար էր, ներկայացնելու, թե ով էր նա ու շնորհակալություն հայտնելու նրան: Սակայն սա նաև պետք էր՝ խրախուսելու երիտասարդներին՝ կրկնելու այն, ինչ արել էր Քեմուրջյանը, կամ անելու ավելին:

Մենք բոլորս պետք է մեծ հարգանք ունենանք երիտասարդներիդ հանդեպ, քանի որ, ինչպես ասացի ամենասկզբում, ես հավատացած եմ, որ իմ ժողովրդի ամենամեծ նվաճումները լինելու են վաղը:

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները