Առողջություն

ՊՇՌ թեստ հանձնելու տասնօրյա ժամկետը քիչ է. Արա Բաբլոյանը բանակի հետ համեմատություն է անում

Sputnik Արմենիան գրում է․ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը կարծում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն ազգային անվտանգության խնդիր է։

Մարդիկ պարտադիր պետք է պատվաստվեն, իսկ ՊՇՌ թեստը հանձնեն հնարավորինս հաճախակի, որովհետև տասնօրյա ժամկետը բավականին քիչ է, կարծում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։

«Ամեն դեպքում ՊՇՌ թեստը ստիպում է, որ մարդիկ ուղղակի գնան պատվաստման։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է հանրության առողջության և մեծ թվով մահացությունների համար, հետևաբար այնպես չէ, որ ինչ ուզի, այն էլ պետք է անի»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Բաբլոյանի դիտարկմամբ` նույն բանն է, երբ մարդուն ասեն` պետք է գնաս բանակ, իսկ նա պատասխանի` վտանգավոր է, և խուսափի ծառայությունից։

Ըստ նրա` համավարակով պայմանավորված իրավիճակն ազգային անվտանգության խնդիր է, և պատվաստման հարցը չի կարելի դարձնել պրիմիտիվ քննարկումների առարկա։

«Մարդիկ սովորաբար պատվաստվում են իրենց պոլիկլինիկաներում, ընտանեկան բժիշկները խնդիրների առկայության վերաբերյալ հարցեր են ուղղում պատվաստվելուց առաջ, և եթե կան այդպիսի խնդիրներ, քաղաքացիներին ցուցաբերում են համապատասխան մոտեցում»,– ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարը։

Եթե մարդիկ տեղյակ չեն իրենց առողջական խնդիրներից, ապա չպե՞տք է պատվաստվեն։ Եթե աշխարհը նման մոտեցում չի ցուցաբերում, Հայաստանն ինքն իրենո՞վ պետք է հնարի ինչ–որ բան. հռետորական հարցադրումներ արեց Բաբլոյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենաընթերցվածները

Exit mobile version