Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Ֆինքա-ն գումարներ կվերադարձնի

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

  • Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր[1] առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։
  • Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ customerservice@finca.am հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:

[1] առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version