Քաղաքականություն
Այսպես թե այնպես, ես կվերադառնամ Հայաստան․ Վանո Սիրադեղյան
Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը կնքեց մահկանացուն: Նրա ընկերներից շատերը միայն մահվանից հետո խոստովանեցին, թե թաքուն հույս ունեին, որ մի օր, այնուամենայնիվ, ա՛յս կյանքում կհանդիպեն նրա հետ, եւ նա կպատմի, թե ինչ է արել, որտեղ եւ ինչպես է ապրել իր բացակայության 22 տարիներին։ Կփորձեն անձամբ իրենից ստանալ հարցերի պատասխանները, թե ինչ է կատարվում Հայաստան պետության հետ։
Պատասխաններ, որ վաղ 2000-ականներից մինչեւ 2012 թվականը Վանո Սիրադեղյանն «Ավետիս Հարությունյան» կեղծանունով տպագրում էր իր «Հայկական թալիբան», «Գյադաների ժամանակը» եւ այլ հոդվածաշարերում` մարգարեի ճշգրտությամբ տալով այսօրվա զարգացումների նկարագիրը։ Իսկ 2012 թվականից Վանո Սիրադեղյանն այլեւս որեւէ տող չգրեց, բացառությամբ իր օրագրերի, որոնցից 1-2 պատառիկ այս ընթացքում տպագրվել է հայկական մամուլում՝ «Հայկական ժամանակ»-ում եւ «Հրապարակում»։
Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանն էր գրում հոր նկատմամբ ունեցած կարոտից, զրուցում նրա հետ․ «Գիտես` քո եղեւնիները մեծացել են, վարդերը բացված բուրում են։ Ջուրը խաղաղ հոսում է տանդ կողքով։ Սիրուն աշուն է։ Ամեն ինչ լուռ է։ Տան մեջ մարդիկ լուռ են․․․ Չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ։ Այսօր համակերպված էի։ Թող բոլորի հետ լինեիր, միայն թե մեկ-մեկ տեսնեի քեզ։ Թող հեռու լինեիր, միայն թե ապրեիր, թող չհիշեիր ինձ, բայց ապրեիր։ Սակայն սրանք ժամանակավոր մտքեր էին սփոփանքի ճանապարհին։ Գոնե մի բառ ասեիր, գոնե խոսեինք, գոնե բարկանայիր ասեիր` լակոտ»։
Շատերին այսօր հետաքրքրում է, թե որտեղ կհուղարկավորվի Վանո Սիրադեղյանը: Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, «Հրապարակին» ասաց, որ աճյունը տեղափոխվելու է Հայաստան։ Հայ ազգային կոնգրեսն առաջարկել էր Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ «Արձակագիր Վանոյի արժեքը եւ իրական տեղը հայ գրականության մեջ լավագույնս ներկայացված է մեծն Հրանտ Մաթեւոսյանի հետեւյալ տողերում․ «Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր։ Արձակի անունով հարյուրավոր, հազարավոր էջեր էինք լրացրել․ երբեմն շատ հաջողված՝ Ստեփան Զորյան, Ակսել Բակունց, Հակոբ Մնձուրի, Աղասի Այվազյան։ Մեծ արձակի ծարավի ընթերցողը, այնինչ, իր համաշխարհային պրոզայի ղողանջն ուզում էր լսել իր՝ հայոց լեզվի աշխարհից, իր լեզվի, իր մշակույթի, իր արձակի պատվախնդիր այդ ընթերցողն իր գրողից հայցում էր այն էջերը, որ կհայտնաբերեին իր եւ իր լեզվի կարողությունը՝ հարաբերվելու աշխարհի պատումային մեծ արվեստի հետ։ Վանոն ահա լեցնելու էր եւ լեցնում էր այդ պարապը»»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանն էլ գրել է. «Վանոն չկա… Ափսոս… Վանոյի չլինելը, թող ինձ ներեն հարազատները, այս իշխանության քննությունն է։ Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում։ Դժվար է պատկերացնել գերեզման Անդրանիկ Մարգարյանի նման անգույն գործչի հետ նույն տարածքում, բայց Վանոն վաստակել է Կոմիտասի, Տերյանի, Սարյանի, Մաթեւոսյանի եւ մյուսների կողքին լինելու իրավունքը։ Տխուր է… Շատ…»:
Կլինի դա, թե ոչ, մինչ այս պահը հայտնի չէ, նման հարցերը չի որոշում անգամ Գրողների միությունը։ ԳՄ նախագահ, Վանո Սիրադեղյանի ուսանողական ընկեր Էդվարդ Միլիտոնյանն այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց՝ իրենք հասարակական կազմակերպություն են, որոշումն իրենք չէ, որ պետք է ընդունեն. «Ես էլի եմ խոսել էն մասին, որ գրողը մահանում է, մենք չգիտենք ինչ անենք»։
Պարզվում է՝ որոշումը կառավարությանն է, ԿԳՄՍՆ-ինը, բայց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ ոչինչ չկարողացավ ասել՝ Վանո Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու որոշում կլինի՞, թե՞ ոչ։ Խոստացավ տեղեկատվություն ունենալու դեպքում փոխանցել։ Պարզվում է՝ սա միայն ԿԳՄՍՆ առաջարկով չէ, եւ դրան պետք է նախորդի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, որն առայժմ չկա։ Փաստորեն, հարցը բացառապես իշխանության եւ առաջին դեմքի՝ Նիկոլ Փաշինյանի որոշման տիրույթում է։ Իսկ վերջինս որեւէ կերպ չի արձագանքել, անգամ ցավակցություն չի հայտնել, չնայած տարիների մտերմություն է ունեցել Սիրադեղյանի հետ, եւ վերջինիս մասնակցությունը «Հայկական ժամանակի», ավելի ճիշտ` «Օրագրի» ստեղծմանը բոլորին է հայտնի։
2019 թ․ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո տեղեկացրել էինք, որ սկսվել է Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական գործընթաց, եւ անգամ կոնկրետ ժամկետներ էին նշվում, թե տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանը մինչեւ նույն տարվա մայիս ամիսը կլինի Հայաստանում։ Բայց դա տեղի չունեցավ։ Ինչո՞ւ։ Տարբեր իրարամերժ տեսակետներ եւ տեղեկություններ կան։ Մասնավորապես, արդեն 2015-2016 թթ․ Սիրադեղյանի գրող ընկերների, այդ թվում՝ Սիրադեղյանի հետ բարիկադի տարբեր կողմերում գտնվողների խմբեր են գնացել Սերժ Սարգսյանի մոտ, այս հարցով Սերժ Սարգսյանին է դիմել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի նա լուծի այդ հարցը։
Եղել է խոստում (անգամ ասում էին, որ նախաձեռնվող ստորագրահավաքները հասարակական տրամադրությունների զոնդաժի նպատակ ունեին), բայց հարցը ձգձգվել է մինչեւ իշխանափոխություն։ Իշխանափոխությունից անմիջապես հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին էլ է հուշել, որ հարկավոր է կազմակերպել Վանոյի վերադարձը, եւ վերջինս խոստացել է մտածել այդ մասին։ Բայց համառ լուրեր էին շրջանառվում, որ Վանո Սիրադեղյանն ինքը չի ցանկանում վերադառնալ։ Տիգրան Պասկեւիչյանն ասաց․ «Այս ընթացքում եղել են ինչ-որ նախաձեռնություններ, ինձ էլ են դիմել, ես, օրինակ, չեմ միացել էն նախաձեռնություններին մի պարզ պատճառով, որ, նախ, չգիտեի, թե ինչ է մտածում Վանոն, եւ երկրորդ՝ չգիտեի, որ ինքը գար ստեղ, ինչ կարգավիճակ էր ունենալու։ Իսկ եթե կանչում ենք իրեն, ու հայտնվելու է բանտում, էդ դեպքում ի՞նչ է լինում։ Սա շատ լուրջ հարց էր»։
Մեզ պատմեցին, որ մի առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանին հարց են ուղղել, թե ճի՞շտ է, որ Վանոն չի ուզում վերադառնալ, վերջինս կատեգորիկ է եղել․ «Բացառված է, որ Վանոն չուզենա հետ գալ»:
Եվ մի տեղեկություն, որը, ըստ էության, հնարավոր չէ վերջնականապես ճշտել. ըստ Սիրադեղյանի շրջապատի, նրան Փաշինյանի կողմից առաջարկել են վերադառնալ եւ մի քանի ամիս բանտում անցկացնել` մինչեւ իր հետագա ճակատագիրը կորոշվի դատական կամ քննչական մարմիններում, նա մերժել է այդ առաջարկը:
Եվս մեկ տեղեկատվություն՝ Վանո Սիրադեղյանը կտակ է թողել, որտեղ մանրակրկիտ ցուցումներ է արձակել, թե ինչ անեն իր մահվանից հետո։ Իսկ 2012 թվականի օգոստոսին «Հրապարակի» գլխավոր խմբագրին ուղղված նամակում նա գրել է իր վերադարձի մասին. «Այսպես թե այնպես, ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում: Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի»:
Անուշ Դաշտենց