Քաղաքականություն

«Այն հատվածները, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճվել են մեր տարածք, որևէ ամրաշինական աշխատանք չեն կատարում». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցնում է, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։

«Առաջիկայում մեր բոլոր դիրքերում կունենաք տնակներ, որտեղ մեր զինծառայողները կունենա նորմալ կացարաններ։ Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում, և թշնամու կողմից որևէ սադրանքի մենք չենք տրվում։ Այսօր խոսել եմ 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա ինձ ասել է, որ նման բան չկա, այսինքն՝ թշնամին այդ տեղերում չի ամրանում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ թշնամին առաջ է եկել, մխրճվել է ՀՀ տարածքում, այնտեղ ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։

«Ասեմ՝ 80 տոկոսից ավելի խնդիրը լուծված է, տղաները վրաններում չեն քնում, արդեն կան կացարաններ։ Կարծում եմ՝ 20 օրից կամ առնվազն մեկ ամիս հետո այդ հատվածներում ամբողջությամբ տնակներ կտեղադրվեն։

Նորից եմ կրկնում՝ այն հատվածները, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճվել են մեր տարածք, որևէ ամրաշինական աշխատանքներ չեն կատարում»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։

«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է»,- հայտարարել էր ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version