Համիդյան ջարդերի հետևանքով փոխվեց Տրապիզոնի նահանգի ժողովրդագրական պատկերը։ Հայերից շատերն արտագաղթեցին՝ չտեսնելով ապագա իրենց հայրենիքում։ Բացի այդ՝ իսլամադավանների թիվն այստեղ և ողջ Արևմտյան Հայաստանում մեծացավ ի հաշիվ Բալկանյան պատերազմների հազարավոր մահմեդական փախստականների, որոնց թուրքական իշխանությունները տեղավորում էին հայահոծ բնակավայրերում։
Տրապիզոնի հայերն առաջիններից էին, որոնք հասկացան երիտթուրքական կարգախոսների սնանկությունը, թեև դա նրանց որևէ կերպ չփրկեց ցեղասպանության ենթարկվելու թուրքական ծրագրից։
Զորակոչված հայ տղամարդկանց զինաթափեցին, օգտագործեցին ճանապարհաշինարարական ծանր աշխատանքներում, հետո բոլորին սպանեցին։ Սև ծովում խեղդամահ արեցին հայ մտավորականներին, առևտրականներին ու վաճառականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, կանանց և երեխաներին։ Վերջիններին նաև մինչև սպանելը, ենթարկեցին բժշկական փորձարկումների։
Թեմային է անդրադառնում Կլարկի համալսարանի Ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրությունների «Սթրեսլըր» կենտրոնի դոկտորանտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աննա Ալեքսանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 24-րդ։
hy.armradio.am