Քաղաքականություն

Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը

168.am. «Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը:

168.am-ի տեղեկություններով՝ 2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն ասել է, որ ժողովրդի մի մասն իր այդ քայլը վատ կընդունի․ «Բա ինձ դրանից հետո ի՞նչ կասեն»։

168.am-ը կապ հաստատեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, նա մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց մեր տեղեկությունը, միայն մեկ ճշգրտում անելով, Փաշինյանի մոտ այդ հարցն ինքը չի բարձրացրել։ Իսկ ո՞ւմ կողմից է բարձրացվել, հարցրեցինք․

«Առաջին նախագահի կողմից։ Դա ամենասկզբներում էր, երբ այս իշխանությունները նոր էին եկել»։

Լևոն Զուրաբյանին հարցրեցինք՝ ի՞նչ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը․
«Արձագա՞նք։ Մեզ որևէ արձագանք չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է արդյունքը»։

Դիտարկմանը, որ արդյունքը տեսանք, սակայն ուզում ենք իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, Զուրաբյանն այսպես պատասխանեց.

«Դա արդեն լիովին անիմաստ է դարձնում որևէ արձագանքի վերլուծությունը, որովհետև պատասխանն ինքնին ակնհայտ է»։

Իսկ թե այդ քննարկումը երբ և որտեղ է եղել, Զուրաբյանն ասաց, որ Առաջին նախագահն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և հենց այդ ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին ասել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն ընդունել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանից հետո հայտարարում էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են միայն Արցախին վերաբերող հարցեր, և, որ անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին, հենց այդ օրն է ՀՀ առաջին նախագահը նրան առաջարկ արել Վանո Սիրադեղյանի վերադարձը կազմակերպելու մասին։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել լրագրողները՝ եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։

Իսկ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ կոչ  անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Լևոն Զուրաբյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ մինչև այս պահը Կառավարությունից որևէ արձագանք չի եղել»,- հայտնում է աղբյուրը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version