Քաղաքականություն

Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երևույթ, տարերք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է։

«Առավոտ», 13.11.1996թ.։

***

Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով եւ վտանգավորությամբ դեռեւս նախադեպ չի ունեցել որեւէ քաղաքակիրթ երկրի կյանքում։

Հանրապետության դատախազը խորհրդարանի բարձր ամբիոնից հանդես եկավ ծանրագույն քրեական մեղադրանքով՝ հիմնված ընդամենը մեկ մարդու ցուցմունքների վրա։ Նման դեպք չի արձանագրվել անգամ Վիշինսկու դատական պրակտիկայում։

Եթե մեր իշխանությունները որոշել էին խայտառակել Հայաստանը, ապա նրանց կարելի է շնորհավորել. դա միանգամայն հաջողվեց։

Ինչ վերաբերում է խայտառակության գլխավոր դերակատարին՝ հանրապետության դատախազին, ապա նա կա՛մ բացարձակ անգրագետ է, կամ էլ՝ հլու կամակատար, երկու դեպքում էլ՝ լուրջ փորձանք հայ ժողովրդի համար, որից պետք է շուտափույթ կերպով ազատվել։

Մերժելով դատախազին, եւ այդպիսով արձանագրելով նրա մասնագիտական անպիտանելիությունը, խորհրդարանը գտնվեց իր բարձրության վրա։ Հերթը ժողովրդինն է, որովհետեւ նման դատախազը մեկ չարակամի վկայությամբ կարող է քրեական գործ հարուցել ցանկացած քաղաքացու նկատմամբ։

«Առավոտ», 27.01.1999թ., «Հայք», 29.01.1999թ.։

***

Բոլորին թվում է, թե մեր իշխանությունների ժամանակ նախագահը վերցրել եւ նշանակել է նախարարներ, վարչապետ եւ այլն: Դա այդպես է օրենքի տառի տեսակետից, բայց բովանդակության տեսակետից բոլորովին այլ է: Երբ մենք 90 թվականին եկանք իշխանության, արդեն իսկ հայտնի էր, ինչպիսի մարդիկ են գալիս: Ես Վանո Սիրադեղյանին նախարար նշանակելու միայն ֆորմալ հրամանագիրն եմ ստորագրել: Նույնը Վազգեն Սարգսյանին, նույնը՝ Հրանտ Բագրատյանին, եւ մյուսներին: Ես նրանց նշանակել եմ թղթով, իսկ նրանք այդ պաշտոնը վաստակել են իրենց ներդրած ավանդով։

ԼեւոնՏերՊետրոսյանՎերադարձԵրեւան, 2009, էջ 59:

***

Մենք ամենածանր ժամանակներում հասկացանք, որ ամենավտանգավորը քաոսն է։ Երկրի կառավարելիությունը մեզ համար դարձավ համար առաջին խնդիրը։ Եւ մենք արեցինք գլխավորը՝ ստեղծեցինք պետական կառույցներ։ Այն, ինչ արեցին Վանո Սիրադեղյանը ՆԳՆ‑ում, Վազգեն Սարգսյանը՝ բանակում, Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում եւ Բաբկեն Արարքցյանը պառլամենտում, փրկեց մեզ։ Պետությունը դարձավ կառավարելի… Եւ այդ կառավարելիությունը մենք պահպանում ենք մինչեւ օրս։ Հնարավոր է, որ մենք շատ սխալներ ենք գործում, բայց երբ որեւէ որոշում ենք ընդունում, կարողանում ենք այդ որոշումն իրագործել մինչեւ վերջ։

ԼեւոնՏեր—Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 582:

Ilur.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version