Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծման գործում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է «Ինտերֆաքսը»:
«Այժմ ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների իրավիճակը վերջնականապես կարգավորելն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության»,-ասել է Պուտինը Վալդայ ակումբի քննարկման ժամանակ:
Նա միաժամանակ նշել է. «Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան. այո, քարտեզներ, քանի որ քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են գտնվում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում»։
«Այս փաստաթղթերի հիման վրա պետք է երկու կողմից հանգիստ նստել, այնտեղ կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել»,- ասել է ՌԴ նախագահը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան դիտարկում է նաև այս իրավիճակի կարգավորման բազմակողմ տարբերակը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Մենք աշխատում ենք դրա վրա, այդ թվում՝ մեր գործընկերների հետ, կարևոր է հասնել հիմնական նպատակին՝ անվտանգային իրավիճակին և ապագա հարաբերությունների կառուցմանը»,-նշել է Պուտինը։
«Այն ամենին, ինչ մեր առջեւ նպատակ էինք դրել, ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել, կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։