Դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային
Հմայակ Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է․
Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը դիմել է բոլոր ուսուցիչների ընդամենը 1,5 տոկոսը: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդկանց հնարավորություն է տրվել հավելավճար ստանալու, սակայն միայն 1,5 տոկոսն է մտածել, որ կկարողանա պատասխանել իր դասավանդած առարկայի վերաբերյալ հարցերի 70 տոկոսից ավելիին (անցողիկ շեմը 70 տոկոսն էր):
Եթե կարծում եք, որ վերոնշյալ թվերը վատ ցուցանիշներ են (ճիշտ եք կարծում), ապա ասեմ, որ ողբերգականը առջևում է: Պարզվում է, որ ատեստավորման անհրաժեշտ շեմը չի հաղթահարել կամավորության սկզբունքով դիմած ուսուցիչների կեսից ավելին՝ 53 տոկոսը:
Ես ծանոթացել եմ հայերենի և մաթեմատիկայի հարցաշարերին և կարող եմ փաստել, որ հարցաշարերում դպրոցական մակարդակի հարցեր են, նույնիսկ ավելի հեշտ, քան միասնական քննությունների հարցաշարերում առկա հարցերը: Եթե մաթեմատիկայի ուսուցիչները խոսելու տեղ ունեն (անցողիկ շեմը հաղթահարել է ատեստավորմանը մասնակցածների 86 տոկոսը), ապա մյուսների համար ցուցանիշները անհամեմատ մտահոգիչ են: Միանգամից ասեմ, որ անիմաստ է առարկաների հարցաշարերի համեմատությունը՝ դժվար- հեշտ համատեքստում, որովհետև հայերենի մասնագետը չի կարող հասկանալ մաթեմատիկայի թեստի բարդությունը:
Չոր հաշվարկներով ստացվում է (դժվար թե մարդիկ հրաժարվեին հավելավճարից, եթե վստահեին իրենց գիտելիքին), որ մեր դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին (չոր հավարկ է, բայց չափազանցված չէ) դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային:
«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան … և ուսուցանողդ»: