Առողջություն

Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․ Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։

Գիտենք, բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։

Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները՝ պատվաստաումների վերաբերյալ, մուտք գործեն ձեր ընտանիքներ։ Պահպանեք ձեր օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեք ձեր ամրոցները և թույլ մի տվեք, որ ստվերը խամրեցնի լույսը․․․

Առաջարկում եմ ձեզ, միացեք բժիշկների պայքարին և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով՝ հավատացեք, այս պահին, այլ զենք պարզապես ՉՈՒՆԵՆՔ։ Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Հիշեք, Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար,հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․․, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։ Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների գործը․․․ Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․

Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version