Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:
Նա նշեց, որ գործի նախաքննությունը ավարտվել է, սակայն դեռ տեղեկություն չունի, թե արդյոք գործն ուղարկվել է դատարան:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ: Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով, վերջինս կալանավորվել է։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սուքիասյանը ընդունում է, որ ինքն է կրակոց արձակել է, սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
168.am