Ուկրաինայի ԶՈՒ կողմից Դոնբասի հակամարտության գոտում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը խախտում է Մինսկի համաձայնությունները։ «Տասս» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ հատուկ և դիտորդական առաքելության նոյեմբերի 6-ի զեկույցի վրա, որտեղ նկարագրված է համապատասխան միջադեպը։ Զախարովան հիշեցրել է, որ Դոնբասի հակամարտության գոտում ԱԹՍ կիրառելու իրավունք ունեն միայն ԵԱՀԿ դիտորդները։
«Կիևը խախտում է Մինսկի պայմանավորվածությունները։ Փարիզը և Բերլինը, որոնք հանդես են գալիս նորմանդական ձևաչափով հանդիպումներ անցկացնելու օգտին, այլևս չեն կարող ձևացնել, թե չեն նկատում Կիևի ռեժիմի անսանձ պահվածքը, որը սպանում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ամենակարևորը՝ Ուկրաինայի քաղաքացիների խաղաղ կյանքի հույսը»,- հայտարարել է Զախարովան։