Հասարակություն
Ովքեր են Քանաքեռում սպանված եւ վիրավոր անձինք. Նոր մանրամասներ դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ Քանաքեռ 16 փողոցի տներից մեկում անձ է վիրավորվել: Ըստ նույն օրը հիվանդանոցներից ստացված ևս երկու ահազանգի՝ Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Վերոնշյալ 61 և 38-ամյա տղամարդիկ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Նշված տան բակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու՝ 43 և 37-ամյա տղամարդկանց դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված քննչական խմբին:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հասարակություն
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հասարակություն
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հասարակություն
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում