Քաղաքականություն

Վարչապետի երկրորդ «աքլորականչը»

Հերթական անգամ հանրությանը փաստի առաջ դնելուց հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը փորձել է բացատրել, թե ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին։ Եվ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ սենսացիոն հայտարարությունն է արել։

Առաջինը վերաբերում էր անցյալ տարվա դեկտեմբերին զորքերը հետ քաշելու հրամանին։ Փաշինյանը հայտարարեց, թե հակառակ դեպքում ռազմական գործողություններ էին տեղի ունենալու Սյունիքի մարզում։ Դժվար է ասել՝ ստում է վարչապետը, թե ոչ, միեւնույն ժամանակ դժվար է ենթադրել, որ ինչքան էլ նա «թուրք ու դավաճան լինի», ինչու պետք է նման հրահանգ տա, այն էլ նոյեմբերի 9-ից հետո, եթե չկա արտաքին առարկայական սպառնալիք։ Նկատենք՝ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց հետո, որտեղ գրված էր, որ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում։ Եվ չնայած դրան, այս տարվա մայիսից Բաքվի զորքերը Մոսկվայի առաջնորդությամբ ներխուժեցին ՀՀ տարածք ճիշտ այն մասերում, որոնք ՌԴ-ն նախատեսել է որպես իր ռազմական ներկայության ճակատային գիծ՝ միջանցքներով Հայաստանի տարածքը վերահսկողության վերցնելով։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուն, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Այսինքն՝ կամ միջանցք, կամ մաքսակետեր ճանապարհին։ Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ապաարգելափակվող ու նոր բացվող ճանապարհները պետք է լինեն տվյալ երկրների իրավասության ներքո, Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ, նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ, եւ ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ Բաքուն էլ է համաձայն դրան։

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը՝ էքստերիտորիալ ճանապարհը։ Կամ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կամ էլ ինչպես զորքերի հետքաշման պարագային՝ գործում է արտաքին թելադրանքի տակ։ Թեեւ այստեղ հակասություն չկա՝ նա գործում է արտաքին թելադրանքի տակ, իսկ ստելը սեփական եւ Պուտինի կաշին փրկելու նպատակ ունի՝ սեփական ժողովրդի դեմ շանտաժին միանալով։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհամարձակվեց ասել ողջ ճշմարտությունը եւ անել վճռական քայլը՝ խորհրդարանում կարեւորագույն որոշումների ընդունումը՝ կանխելու Արցախի ու Սյունիքի մարզի կորուստը։ Արցախյան հերոսամարտում ընկած հազարավոր հերոսների սխրանքը պահել է այդ հնարավորությունը։ Նրանց սխրանքն ուրանալու երկրորդ ակտը նույնքան տգեղ է, որքան սեփական կաշին փրկելու մարմաջը։

lragir.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version