Պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։
«Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել։ Պետական սահմանին գտնվող բարձունքներ գրավելու և առավել շահեկան դիրքեր ստանալու նպատակով ռազմական առավելության հասնելու համար Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 16-ին ժամը 11։00-ին ռազմական գործողություն են իրականացրել», – ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելում է, թե Հայաստանի Զինված ուժերը, կենտրոնացնելով լրացուցիչ կենդանի ուժ և տեխնիկա Հայաստանի «Բասարքեչարի» և «Գարաքիլսայի» շրջաններում գտնվող իրենց սահմանային դիրքերում, գրոհել են Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։