Քաղաքականություն

Ինքնակամ «գնդակահարության պատի տակ կանգնելու» հրամայականը 4rd.am

Սյունիքում ընդամենը ժամանակավոր հրադադար է։ Ժամանակավոր, որովհետև բախումներ հրահրած կողմերն իրենց վերջնական նպատակին չեն հասել։ Մենք հիշում ենք, չէ՞, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ մի քանի անգամ հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց ու անմիջապես էլ խախտվեց, իսկ պատերազմը դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ հիմնական դերակատարները համարեցին, որ իրենց նպատակին հասել են։ Նույն վիճակն էլ հիմա է։

Ի՞նչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը քննարկելն անիմաստ է։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչ-որ բաներ պիտի զիջի, բայց որպեսզի իրեն դավաճան չասեն՝ գերադասում է դա անել մեր զինվորների արյան հաշվին։ Ըստ երևույթին նա հասկանում է նաև, որ այս իրավիճակի պատճառն իր բացարձակ ապաշնորհությունն է, և երկիրն այս վիճակից դուրս բերել կարող են միայն նորմալ իշխանությունները, բայց քանի որ նորմալ իշխանություններ ունենալն անձամբ իր մոտ ասոցացվում է «գնդակահարության պատի տակ կանգնելու» հեռանկարի հետ՝ նա մինչև վերջ դիմադրելու է, և այդ ընթացքում նորանոր անդառնալի կորուստներ ենք ունենալու։

Ի՞նչ անել։ Առաջին հերթին՝ ստեղծել պետական կառույց, դրանում ներգրավել պետական ու ռազմական կառավարման մեծ փորձառություն ունեցող անհատներին (անկախ քաղաքական հայացքներից) և մշակել ու իրականացնել այն քայլերը, որոնք մեզ թույլ կտան այս վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Անունը կարելի է դնել «Ռազմաքաղաքական բարձրագույն խորհուրդ», «Պաշտպանության պետական կոմիտե» և այլն, դա էական չէ։ Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի անի դա ու մի կողմ քաշվի՝ մինչև իրավիճակի կայունացումն ու արտահերթ ընտրությունները, որովհետև ցանկացած այլ մեթոդով նման կառույցի ստեղծումը կարող է երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Հաջորդ քայլով մենք պիտի կարողանանք ձերբազատվել պատրանքներից, ընդունենք տարածաշրջանային իրողությունները՝ այնպես, ինչպես կան, ու սկսենք սահմանազատման-սահմանագծման աշխատանքները։ Առանց վախենալու, որ դրանով «խաչ ենք քաշում Արցախի կարգավիճակի վրա»։ Եկեք իրատես լինենք։ Եթե հաղթած Հայաստանն ու փաստացի անկախ Արցախը 26 տարում չկարողացան հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, պարտված վիճակում կարողանալո՞ւ են։ Հասկանալի է, չէ՞, որ հիմա առավելագույնը կարող ենք ձգտել Արցախի բարձր ինքնավարությանը, իսկ Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացը դրան առանձնապես չի խանգարում։ Ի վերջո ամբողջ աշխարհը 26 տարի շարունակ ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախի կարգավիճակի հարցի վրա որևէ մեկը «խաչ չէր քաշել»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում՝ 4rd.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version