Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է․
Վանոյին իր հայրենի Կոթիում հուղարկավորելով մենք կրկնում ենք պատմական այն սխալը՝ հանցանքը եթե կուզեք, որը գործեցինք Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն քաղաքային (Թոխմախի) պանթեոնում հուղարկավորելով, որովհետև Քաջազնունու լքված այդ գերեզմանը առաջին հանրապետության մոռացության, պատմության քառուղիներում դրա արժեզրկման դրսևորումն է, ես չեմ ցանկանա, որ տարիներ անց պատահականորեն Կոթիում հայտնված ու մարդահասակ խոտածածկի տակ ծվարած Վանո Սիրադեղյանի հուշաքարը նկատած դասարանը արձնագրի նաև երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի ամոթալի ու անպատվաբեր մոռացությունը՝ այսինքն երրորդ Հանրապետության հիմնադրման մոռացությունը, նաև արժեզրկումը, նաև անարգանքը:
Բայց ինչ էլ որ լինի, այնպես ինչպես տարիներ առաջ Հրանտ Մաթևոսյանի և Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ` Երևանի բժշկական համալսարաում սպիրտի մեջ անթեղված Թումանյանի սիրտը հուղարկավորվեց հայրենի հողում և Թումանյանը Հայաստանում էլ գերեզման ունեցավ, նույնպես ես կամ մեկ ուրիշը, մի օր Վանոյին կվերահուղարկավորի իր հիմնադրած երկրի սրտում: Վանոն Կոթեցի չի, Վանոն Հայաստանցի է: