«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։
ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն առաջին հերթին պայմանավորված է արևմուտք-ՌԴ, արևմուտք-Չինաստան դիմակայության այս ժամանակաշրջանով, ինչը Եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային սպառնալիքներ է առաջացնում։
Հարավային կովկասը չի կարող անմասն մնալ աշխարհում և հատկապես ՌԴ-արևմուտք դիմակայությամբ պայմանավորված սպառնալիքներից, որովհետև բացի անվտանգային ավանդական ռիսկերից, կրկին ակտուալ է դառնում երրորդ երկրների կողմից պատերազմ հրահրելու և ՌԴ պատասխանատվության գոտում նոր ագրեսիայի հրահրելու հարցը։
ՌԴ-ն և Չինաստանը հատկապես ռազմական բնագավառում միմյանց հետ համագործակցության, փոխլրացման հսկայական պոտենցյալ ունեն։
Մի փոքր առաջ անցնելով նշեմ, որ ռազմաքաղաքական բալանսի ապահովման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից, ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա։
Նույնիսկ մեր նման փոքր երկրի պարագայում, Չինաստանն ունի միմյանց հետ համընկնող շահեր և առաջիկա տարիների համար, ՀՀ ցանկացած իշխանության համար չինական ուղղության զարգացումը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ (ՌԴ) ձևաչափով պետք է լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից։
Հայաստանի այս իշխանությունն, իհարկե, լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է կամ բացառում է Չինաստանի հետ նկարագրածս մակարդակի հարաբերություններ ստեղծելը, սակայն սա էլ ժամանակի հարց է»։