Քաղաքականություն

«5165» շարժումը պահանջում է Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Նոյեմբերի 28-ին Կարին Տոնոյանը հայտարարեց, որ այսօրվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ։

Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նշվում է, որ «Զարթոնք» կուսակցության, հասարակական-քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնված ազատագրական շարժման շուրջ համատեղ քայլերը պայմանավորված են եղել հանրությանը համախմբելու հրամայականով․ «Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ համոզվել ենք, որ համախմբումը այլընտրանք չունի հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, բայց գործող իշխանությունների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում»։

Կարին Տոնոյանը նշեց, որ «Ազատագրական շարժում»-ից առանձնացումը պայմանավորված է եղել փոքր տարբերությամբ․ «Իրենք ուզում են պահել Հանրապետության հրապարակը, բայց մենք մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք՝ մինչև համազգային համախմբում չլինի, մենք չեմ կարող հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Պառակտում չկա»։

Նա նշեց, որ մարզային հանդիպումներ են ունենալու, ընդունելություններ են կազմակերպելու քաղաքացիների համար․ «Դիմելու ենք բոլոր քաղաքական ուժերին՝ հանդիպումներ կազմակերպելու համար»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version