Քաղաքականություն

Այս երեխան չտես է․ Մհեր Արշակյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վտանգավոր է Հայաստանի առողջության համար։ Նա երրորդ դասարանցու ակտիվությամբ արդարանում է, թե իրեն ինչու է անհրաժեշտ BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենան։ Ու ասում է․ «Ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա՝ Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի»։ Այսինքն՝ միջոցներ ենք խնայել, կարող ենք էդ խնայած միջոցներով թարմացնել ԱԺ «ավտոպարկը»։ Չէ՛, ընկերնե՛ր, այս երեխան մանկություն չի ունեցել։ Ու սա ասում եմ առանց չարության։

Այս երեխան միշտ աչքերը «չորս» արած հետեւել է, թե ինչպես են նախորդ իշխանությունները վայելում պետությունից գողացածը։ Ու այս երեխան պետություն ասվածի մեջ յուրացրել է հենց վայելքը։ Այս տղան մինչեւ իշխանությանը մոտ գալը հոգեբժշկական մանրազնին փորձաքննություն պետք է անցներ։ Որովհետեւ մեկ շաբաթվա մեջ արտասահմանյան երեք ուղեւորություն է կատարել՝ Փարիզ-Սանկտ Պետերբուրգ-Մադրիդ ուղղություններով, որոնցից Սանկտ Պետերբուրգինը՝ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում» խորագրով։

Այս երեխան մի օր պետք է ավարտի իր մանկությունը, որովհետեւ չավարտված մանկությունը պետության վրա թանկ է նստում։ Բայց ո՞ւմ ասես սա։ Ո՞ւմ ասես, որ կիսագրագետն անգամ չի ասի հետեւյալ միտքը․ «Իմ անուն ազգանունը (կայքերում-Մ․ Ա․) այցելություններ է ապահովում»: Մարդը խորհրդարանի նիստեր է վարում, հարցազրույցներ է տալիս Հ1-ով ու ասում այսպիսի, կներեք, նախադասություն․ «Սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է»։ Այսինքն՝ պետությունը չի՞ կարող սպասել, մինչեւ հասկանանք՝ Ալեն Սիմոնյանը դիագնո՞զ է, թե՞ մարդ։ Որովհետեւ ճոխության հիվանդության հետ պետությունը պետք է իր հաշիվները փակի, հետո մտածի, թե ինչ է իրեն անհրաժեշտ։

Արարատ Միրզոյանը չգիտե՞ր այն, ինչ հիմա գիտի Ալեն Սիմոնյանը։ Գիտեր։ Արարատ Միրզոյանը Ալեն Սիմոնյանից վա՞տ գիտեր արտասահմաններում զբոսնել իրեն չվերաբերող խնդիրներով։ Գիտեր։ Բայց չէր անում։ Որովհետեւ գիտեր, որ արտոնությունը նրանը չէ, որը պատերազմի պատճառով չի մեռել։ Ոչ էլ նրանը, որը պատերազմ չի գնացել։ Արտոնությունն արդեն իսկ ապրելն է։ Որպեսզի իմաստավորես մեռնողների չապրածը։ Իսկ Ալեն Սիմոնյանն ապրելն իմաստավորում է իր չունեցած մանկությամբ՝ BMW-ով, եղբոր շահած տենդերներով, Մադրիդով։

Ամբողջությամբ կարդացեք aliqmedia.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version