Արտաքին աշխարհ

Մոսկվայում բռնաբարված աղջիկը ցած է նետվել 4-րդ հարկից. մոլագարը բնակարանում գերի է պահել ևս 2 կնոջ

Բռնարարը, ով նախօրեին բռնաբարել, ծեծի էր ենթարկել ու դանակահարել Մոսկվայի բնակչուհուն, բնակարանում գերի է պահել ևս երկու կնոջ՝ կպչուն ժապավենով կապելով նրանց ձեռքերը, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Քննչական վարչության կայքում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին ծեծի ենթարկված և բռնաբարված կինը, փորձելով փախչել հանցագործից, ցած է նետվել չորրորդ հարկից։ Դրանից հետո բռնարարն իջել է ներքև, փորձել դանակի հարվածներով վերջ տալ կնոջ կյանքին, ինչից հետո անհետացել է։ Տուժածը ողջ է մնացել. նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։

«Բնակարանում եղել են նաև 1984 և 1999 թվականներին ծնված երկու կին, որոնց հանցագործը բռնի ուժով պահել է՝ ձեռքերը կպչուն ժապավենով կապելով։ Նրանց հաջողվել է ազատվել և լքել բնակարանը, երբ տղամարդը հեռացել է»,- հայտնել են վարչությունից։

Հարուցվել են քրեական գործեր «Բռնաբարություն», «Սպանության փորձ» և «Ապօրինի ազատությունից զրկելը» հոդվածներով։ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:

Կատարվել են նույնականացում և առերեսումներ, կանայք ճանաչել են հանցագործին, որին ցմահ ազատազրկում է սպառնում։

Այսօր քննչական մարմինը Խորոշևսկի շրջանային դատարանից պահանջելու է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version