«Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունն այնքան մեծ է, որ մարդիկ ֆրանսիացի, իմ համար անհայտ, ֆանտաստ գրողներ, դերասաններ են գտնում, որ կարողանան այս օրենքը շրջանցեն ու իրենց ասելիքն ասեն»,-անդրադառնալով իշխանություններին հայհոյելու հասարակության ցանկությանը՝ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Անդրադառնալով ՔՊ պատգամավորների բարձրաձայնած ժապավեններով դագաղներով ակցիաների թեմային՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ձեր իշխանությունը հազարավոր դագաղներ է եռաբլուր բերել, համաճարակի դեմ թերի պայքարելու հետևանքով հազարավոր դագաղներ են կովիդից առաջացել»:
Նա նկատեց, որ երբ նախկին իշխանությունների ժամանակ որևէ իշխանական պատգամավոր լրագրողի կամ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ ոչ վայելուչ գործողություն էր իրականացնում, ՀՀԿ-ի մյուս պատգամավորները նույն վայրկյանին կագնեցնում էին խնդիրը և հետագայում որակում էին տալիս դրան:
«Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչ է տեղի ունեցել իր և Արտաշես Գեղամյանի միջև և դրանից հետո, ինքը լավ կհիշի այն և կարծում եմ՝ մինչև կյանքի վերջ է հիշելու, բայց այժմ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողների, ԱԺ աշխատակազմի աշխատողների դեմ տեղի են ունեցել բռնություն և դրա վերաբերյալ ՔՊ-ից որևէ որակում չկա, չեն ասում լավ էր, թե վատ, նրանց կարծիքն անհայտ է»:
Անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարությանին, ՀՀԿ մեկ այլ պատգամավորի կողմից ապտակելու՝ Ալեն Սիմոնյանի բարձրաձայնած պատմությանը՝ Հայ Մամիջանյանն ասաց. «Խորհուրդ եմ տալիս այդ միջադեպի վերաբերյալ կարծիք հարցնել այն գյուղապետից, որն, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, պարոն Ռուստամ Բաքոյանից հայհոյանքներ է լսել հեռախոսով, հարցրեք այն համայքապետին, որը Լոռու մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել, և ամենկարևորն ու ամենացավալին՝ հարցրեք, թե այդ պատմության մասին ինչ կարծիք ունեն այն երիտասարդ տղայի ծնողները, որը նոյեմբերի 9-ին ԱԺ նախագահության աթոռներից մեկին նստելու հաջորդ օրն ինքնասպանություն գործեց»: